երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վիտալի Բալասանյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 14 բլոկ սիգարետ, բայց համարել դա Արցախին ուղարկված օգնություն՝ անհեթեթություն է. Փաստաբան

Վիտալի Բալասանյանի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 14 բլոկ սիգարետ, բայց համարել դա Արցախին ուղարկված օգնություն՝ անհեթեթություն է. Փաստաբան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի փաստաբանը կեղծ է որակում տեղեկություններն այն մասին, թե նրա տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Արցախին օգնություն ուղարկված ապրանքներ։ Առաջիկայում այդ տեղեկությունները հերքող փաստեր կներկայացվեն։

«Լրատվական մարմինների կողմից արված հայտարարությունների կեղծ լինելու հանգամանքը հաստատելու ուղղությամբ մենք նախատեսում ենք հրապարակել գույքի այն տեսականիները, որոնք ուղղակորեն հերքում են հրապարակված տեղեկությունը։ Մասնավորապես, որոնք որ ընկալվում են իբր բարեգործության տրամաբանության շրջանակներում հափշտակված ու չբաժանված գույքի ձևով։ Բնակարանում հայտնաբերվել է 14 բլոկ սիգարետ, անհեթեթություն է չէ՞ մտածել, որ դա կապված է բարեգործության հետ, ընդ որում, եղել են 2016 թվականի արտադրության ծխախոտներ՝ հին ժամանակներից եկած։ Վիտալի Բալասանյանը բազում անգամ մարտական դիրքում գտնվող տղաներին մատակարարել է ծխախոտներ, հազար տեսակի ապրանքներ, այդ թվում՝ տեսադիտարկման սարքեր, հազար ու մի բաներ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Նա կարծում է, որ նման կեղծ հայտարարություններով փորձում են արատավորել Վիտալի Բալասանյանի համբավը։

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով:

«Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ապօրինի թմրամիջոցներ պահելու համար»,- նշեց փաստաբանը:

Բալասանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքերը, նրա տան խուզարկությունը, ըստ փաստաբանի, կատարվել է ապօրինի ձևով, չեն պահպանվել բնակարանի անձեռնմխելիության ու սեփականության իրավունքով տիրապետող անձի գույքային իրավունքը, նա խուզարկվել է առանց համապատասխան ընթացակարգի պահպանման, ընդ որում՝ ոչ միայն Քրեական դատավարության օրնսգրքով, այլև՝ ՄԻԵԴ նախադեպերով ձևավորված ընթացակարգերի կոպիտ խախտումներով։

«Խուզարկության իրավաչափության հետ կապված մենք բավականին ծանրակշիռ փաստարկներ ունենք, իհարկե, դատարանի որոշում կա, պարզապես հիմա, հաշվի առնելով, որ գտնվում ենք խափանման միջոցի հետ կապված գործողությունների փուլում, դեռևս տեխնիկապես հնարավորություն չունենք բողոքարկելու դատարանի որոշումը։ Բացի դատարանի որոշումից, մենք պատրաստվում ենք բողոքարկել հետաքննության մարմնի կողմից կատարված ոչ օրինաչափ գործողությունները։ Այժմ, քանի որ ծանրաբեռնված ենք կալանավորման հետ կապված խնդիրներով, չենք հասցնում անդրադառնալ դրան»,- մանրամասնեց Մարտիրոսյանը։

Փաստաբանն ասաց, որ այսօր՝ ժամը 17։00-ին, Արցախի Վերաքննիչ դատարանում քննություն է նշանակված Առաջին ատյանի դատարանի՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության մերժման վերաբերյալ գործի մասով։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվեր էր հուլիսի 14-ին։ Հուլիսի 17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել էր Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը․ նա ազատ է արձակվել։

Հիշեցնենք՝ դեռ 2023 թվականի փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Արցախում քրեական գործ է հարուցվել Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ։ Քրեական գործն առնչվում է Բալասանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում արձանագրված չարաշահումներին։

  • Կիսվել: