կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վերմակը դեմքիցս քաշեցին ու սկսեցին հարվածել, քարշ տալ,  ասել, որ «Արցախը Ադրբեջան է». 72-ամյա արցախցի տատիկի գերության հինգ օրերը

Վերմակը դեմքիցս քաշեցին ու սկսեցին հարվածել, քարշ տալ, ասել, որ «Արցախը Ադրբեջան է». 72-ամյա արցախցի տատիկի գերության հինգ օրերը

2023թ սեպտեմբերի 19-ը եւ դրան հաջորդած գաղթի դժոխային ճանապարհ և նույնքան դժոխային ապրումները ամիսներ անց չեն լքում մեր հայրենակիցներին: «Այն միտքը, որ մազապուրծ փրկվելու համար պետք է շնորհակալ լինենք` ոչնչացնող էր, իսկ իրար հրմշտող մեքենաների խիտ և կիլոմետրերով շարքը մահվան թափորի պես տխուր էր։ Հարազատի մահվան հետ համակերպված` թաղման արարողությունից հետո հոգեհացի գնալու զգացողություն էր...Մեր  անզորության հետ հաշտված, մեր ամբողջ կյանքը անկազմակերպ հավաքած մեկական ճամպրուկի մեջ, ցավից, վախից և անորոշությունից մթագնած ուղեղներով` գաղթում էինք»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով գաղթի ճանապարհին ու այդ ընթացքում յուրաքանչյուր արցախցու ապրումներին, պատմեց Ասկերանի շրջանի Սառնակունք գյուղի բնակչուհի Գայանե Մարաբյանը, ով յուրաքանչյուր նախադասություն արտաբերելուց հետո հուզմունքը զսպում, ապա նոր էր շարունակում.

-Բնական կարիքները հոգալու համար մարդիկ իրար քողարկում էին ծածկոցներով` անմիջապես ճամփեզրերին։ Ստիպված էինք ռուսներից ջուր խնդրել, խնդրել մեր Հայրենիքի ջուրը, որովհետև դրա տերն այլևս մենք չէինք։ Այն Հայրենիքի, ում ջրին մեր լավագույն որդիների արյունն է խառնված, այն որդիների, որոնց շիրիմները լքած` մեր խղճուկ գոյությունն էինք փորձում փրկել: Հասանք անցակետ` արդեն նվաստացված և ոչնչացված։ Ընդգծված քաղաքավարությունը չէր կարող քողարկել ադրբեջանցիների չարախինդ, գոհունակ հայացքները։ Անասունի պես մեզ հաշվելուց, փախստականի մեր ճամպրուկները սկանավորելուց հետո թույլատրեցին անցնել։ Սոված, հոգնած, անքուն, մաշած նյարդերով ոտք դրեցինք Հայաստան։

Բայց դժոխքը Հայաստան հասնելով չէր սահմանափակվում, քանզի մեր զրուցակցի 72-ամյա մայրը եւ 36-ամյա եղաբյրը այդ նույն ընթացքում գերության մեջ էին թուրք-ասկյարների մոտ, իսկ թե ինչերի միջով են անցել մայրն ու եղբայրը տիկին Գայանեն հուզմունքը զսպելով պատմում է.

-Եղբայրս երեք օր արնաշաղաղ, գլխց վիրավոր (մինչ օրս բեկորները գլխի մեջ են), սառը դիերի կողքին, ծառի տակ գետնին պառկած է եղել: Եղբայրս քչախոս է, շատ բան չի պատմում, կարելի է ասել առհասարսակ այդ օրերի մասին ոչինչ չի պատմում, իսկ մեր հարցերին նյարդային կերպով է արձագանքում: Մայրս ավելի շատ բան է պատմում. Գյուղում մնացել էինք չորս հոգով, մաման վատացած էր արդեն, լսել էր ինչ-որ բեռնատարի ձայն, դուրս է եկել մտածել, որ մերոնք են վեշերը տեղափոխում: Բարձր գոռացել է, որ գան իրենց էլ տանեն, մեքենան մոտենալուց հետո միայն հասկացել է, որ թշնամիների մեքենան է ալան-թալան անում: Տեսնելով մայրիկս ու իր հետ եղած հարեւանի կնոջը միանգամից նստացնում են մեքենան ու տանում, հարեւանի կինը վերջիններիս խնդրում է, որ օգնեն ծառի տակ արնաքամ եղած եղբորս: Նրան էլ են վերցնում եւ տեղափոխում Եվլախ:

Հարեւանի կինը պատմում է, որ եղբորս արնաքամ վիճակով ծեծել են, նրանց ագրեսիան կրկնապատկվել է վիրավոր եղբորս նկատմամբ քանի որ նրան հագին զինվորական բաճկոն էր: Հարեւանի կինը ասել է, որ ինքը զինվոր չի, ու միայն դրանից հետո են ծեծի «չափաբաժինը» մեղմել: Մայրս արդեն իրենց մոտ շատ վիճակում է եղել, շաքարը բարձրացել էր, ուշագնաց վիճակում մի ադյեալի վրա գցաց քարշ տալով տարել են մինչեւ մեքենանան, հետո տեղափոխել ինչ-որ սենյակ: Մայրս վերմակը գլխին է քաշել, որ չտեսնի նրանց դեմքերը, ինչը նրանց ավելի է հունից հանել: Մայրս ասում է. «Վերմակը դեմքիցս քաշեցին մի կողմ ու սկսեցին դեմքիս սիլյաններ (հարվածներ) տալ ինչքան կարող են, որից հետո ստիպել, որպեսզի կրկնեմ իրենց սիրելի արտահայտութուն ասեմ. «Արցախը Ադրբեջան է»» …

Այն ինչի միջով  անցել են մայրս ու եղբայրս բառերով նկարագրել անհնար է: Թե ինչպես են նրանց վերաբերել հինգ օրերի ընթացքում թշնամիները խոսել են նրանց առողջական վիճակները` Կարմիր Խաչի միջոցով Ստեփանակերտ տեղափոխվելուց հետո: Վիրավոր, արյունոտ, կիսամեռ…

Տիկին Գայանեն այսօր էլ երազում է վերադառնալ իր հայրենի գյուղ, բայց ոչ Արցախի ներկա կարգավիճակով.

-Ես մինչեւ 2020թվականի աՐցախս եմ օզում, ազատ-անկախ իմ սուրբ հողը, ուրիշ: Ես էդ հողի համար արյուն եմ թափել, երեք պատերազմ եմ անցել, ու անգամ մտքովս երբեք չի անցել, որ մի օր Արցախս կարա հայտնվի թշնամու ձեռքին: Շատ եդմ օզյում քինամ Արցախս, իմ շենը, բայց ոչ Ալիեւի տիրապետության տակ գտնվող Արցախս, այլ իմ առաջվա ազատ-անկախ Արցախս եմ օզում:

Տիկին Գայանեն իր ընտանիքի, եղբոր ու մայրիկի հետ բնակություն է հաստատել Արմավիր մարզի Ջրառատ գյուղում, ասում է, որ գոհ է, շնորհակալ է հայրենակիցների հոգատարությունից, բայց խնդիրներ շատ կան. «Ամեն օր մի խնդրի հետ ենք բախվում, բայց մեր երկրից ոչ մի տեղ չենք գնալու, որ մի օր Արցախս ազատագրվի, րոպե առաջ հասնենք մեր տուն, մեր շենը...»,-արցունքոտ աչքերով եզրափակում է մեր զրույցը տիկին Գայանեն:

  • Կիսվել: