ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերջին շրջանում անտանելի այլանդակ են իրենց պահում, բարձր քրքջում են, իջնում են գյուղի մեջ միզում․ մանրամասներ ադրբեջանցիների և Արցախի Գետավան գյուղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից

Վերջին շրջանում անտանելի այլանդակ են իրենց պահում, բարձր քրքջում են, իջնում են գյուղի մեջ միզում․ մանրամասներ ադրբեջանցիների և Արցախի Գետավան գյուղի բնակիչների միջև տեղի ունեցած միջադեպից

Արցախի Գետավան գյուղի համայնքապետ Արարատ Զախարյանը InfoPort.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել նախօրեին Մատաղիս-Քարվաճառ ճանապարհին ադրբեջանցիների և գյուղի բնակիչների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից։

«Կողքի գյուղից 20 տարեկան տղա էր, տեսել ա, որ կալոնան կանգնած ա, ասել ա ճանապարհ տվեք անց կենամ: Նրանք էլ իջել են մեքենայից, թե ինչ ճանապարհ, մինչեւ մենք անց չկենանք` դու անց չես կենալու: Ու սկսվել ա վիճաբանություն, որին հաջորդել ա փոխադարձ հրմշտոց, կռիվ-դավի: Շաբաթական երեք-չորս անգամ անց են կենում մեր գյուղով, արդեն սովորոկան ա դարձել իրանց նման վարքագիծը, ուղղակի էս անգամ չափն անցել էին: Կողքի գյուղի գյուղապետն էլ, որ խառնվել էր իրեն էլ են քաշքշել, շորերը ճղալ: Դե դյուզն ասած մենք էլ պակաս չենք մնացել»,- պատմեց Զախարյանը:

Հարցին, արդյոք ռուս խաղաղապահները չպետք է ուղեկցեին ադրբեջանական շարասյունը գյուղով անցնելիս և այդ դեպքում ինչպես են նրանք թույլ տվել նման միջադեպ, համայնքապետը պատասխանեց․

«Խաղաղապահները տեղում էին, դե սկզբում չեն մտածել, որ խոսակցությունը կվերածվի ծեծի, մինչեւ տեսալ են, մոտեցալ են, արդեն եղածը եղած էր: Եթե խաղաղապահները ժամանակին չմիջամտեին, ով գիտի, ինչ կլիներ: Առհասարակ վերջին շրջանում անտանելի այլանդակ են իրենց պահում, բարձր քրքջում են, իջնում են գյուղի մեջ միզում, էն ասածի պես՝ մեր համբերությունն են փորձում»:

Հարցին, արդյոք միջադեպից հետո գյուղում խուճապ չի առաջացել, համայնքապետը հավաստեց․

«Բացարձակ, մեր գյուղը ունի 110 տնտեսություն՝ 450 բնակչով, հակառակը էս սադրանքները մեզ ավելի են ապացուցում, որ եթե մենք տեր չկանգնենք մեր գյուղին, ուրիշ ոչ ոք չի կանգնելու: Սա նոր բան չէ՝ մի տարի առաջ հոսանքի տրանսֆորմատորն էին շարքից հանել, գյուղը հոսանքազրկվել էր, անընդհատ էլ սադրանքներ անում են, բայց դե մենք պինդ ենք»։

Նշենք, որ նախօրեին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով անցնելիս ադրբեջանական բեռնատարների շարասյունը Մարտակերտի շրջանի Գետավան համայնքի տարածքում տեխնիկական պատճառներով կանգ է առել, որից հետո մարդատար մեքենայում գտնվող ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների հանդեպ՝ ծաղրելով ու վիրավորելով նրանց։ Առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներն ու բեռնատար մեքենաների վարորդները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

Վեճը դադարեցնելու նպատակով որոշ ժամանակ հետո նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը նորից քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ, վնասվել է նաև ադրբեջանական մարդատար մեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մարդատար մեքենայում գտնվող անձինք ադրբեջանական զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են եղել, մինչդեռ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերական կիրառումը պետք է ունենա միայն հումանիտար նպատակներ:

  • Կիսվել: