Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել ԱՀ Նախագահին՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ. ԱՀ նախագահի խոսնակ
Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Տավուշի սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում, ինչպես արդեն նշել եմ, շատ բուռն են արձագանքում: Վերջին երկու օրվա ընթացքում հազարավոր կամավորականներ են դիմել Արցախի Հանրապետության Նախագահին և այլ մարմինների՝ Տավուշ մեկնելու ցանկությամբ: Այս պահին էլ դիմում-հայտերն ու հեռախոսազանգերը չեն դադարում:
Սիրելի՛ կամավորականներ, ձեր պատրաստակամությունը, հայրենասիրությունը, նվիրումը սերունդների դաստիարակման և ոգեշնչման աղբյուր կարող են լինել: Մի՛ նեղացեք, մի՛ դժգոհեք, եթե մերժում են ձեզ, քանի որ ՀՀ Զինված Ուժերը դեռևս դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Իսկ այս պահին բոլորիդ փոխանցում եմ երկրի ղեկավարի անկեղծ ու ջերմ շնորհակալությունը:
Սպասենք՝ կազմ ու պատրաստ՛՛: