հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Վերածնունդ». Ստեփանակերտում կայացել է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

«Վերածնունդ». Ստեփանակերտում կայացել է Շուշիի Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսը՝ «Վերածնունդ» խորագրով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված էր ուսանողների վերջին երկու տարիների շուրջ 170 աշխատանք՝ գծանկարներ, գունանկարներ, կոմպոզիցիոն ու գրաֆիկական գործեր, ինչպես նաև գորգեր, կարպետներ, գոբելեն։

Ցուցահանդեսի մեկնարկել է քոլեջի «Հագուստի մոդելավորում և նախագծում» բաժնի ուսանողների կողմից կարված հագուստների ներկայացմամբ։

Այնուհետև օրհնանքի խոսք է ասել Տեր Անդրեաս քահանա Թավադյանը։

Շուշիի Ա․Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի տնօրեն Արա Հայրապետյանի պարզաբանմամբ՝ ցուցահանդեսի «Վերածնունդ» խորագիրը խորհրդանշում է, որ ուսումնական հաստատությունը հաղթահարել է հետպատերազմյան դժվարություններն ու բռնել զարգացման ուղին։

«Անցյալում մանկավարժական թեքումով ուսումնարանն այսօր նոր ուղղվածություն ունի։ Գործում են ժամանակի պահանջին համահունչ բաժիններ, ուսանողները մասնագիտանում են «Դիզայն», «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ» բաժիններում»,-նշել է է տնօրենը՝ համոզմունք հայտնելով՝ ցուցադրված գործերն այն հիմքն են, որ քոլեջին տանելու են դեպի զարգացման:

Քոլեջի տնօրինական խորհրդի նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի խոսքով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում էլ քոլեջը վճռականորեն շարունակում է իր գործունեությունը։

«Ուսանողներն իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն են այսօր մեզ ցույց տալիս։ Սա առաջին համարձակ քայլն է, ավարտուն ներկայացված հաշվետվությունը, ինչը գովասանքի է արժանի»,-հավելեց Յու. Հովհաննիսյանը։

Միջոցառմանն ընդգծվել է, որ կրթօջախի պահպանման ու զարգացման նվիրական գործում մեծ է Խաչատրյանների դերը։

Արսեն Խաչատրյանի որդին՝ Ռոբերտ Խաչատրյանն իր խոսքում նշել է տարիների ընթացքում կրթօջախի գործունեության շարունակական կատարելագործումը և նոր եռանդով ու բովանդակությամբ միջոցառումներ կազմակերպելը։

  • Կիսվել: