ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները

Վերանորոգվում է ԱՀ Ասկերանի շրջանի Շոշ համայնքի եկեղեցին. գյուղի առօրյան ու խնդիրները

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է համայնքի ղեկավար Էրիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ եկեղեցին վերանորոգվում է Արցախի հերոս, ՊԲ գնդապետ Կարեն Ջալավյանի հովանավորությամբ։ Համայնքապետը նշել է, որ գյուղի պատմությունը սկիզբ է առնում 13-14-րդ դարերից։  
 
Նրա խոսքով՝ ԱՀ կառավարության ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական հանձնախմբի համաֆինանսավորմամբ՝ կառուցվել, կահավորվել և 2015 թվականին շահագործման է հանձնվել համայնքային կենտրոնը, որի շնորհիվ լուծվեց գյուղապետարանի, մշակույթի տան և բուժկետի խնդիրը, համայնքն ունեցավ նաև 250 տեղանոց հանդիսությունների սրահ։  
 
«Համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի հովանավորությամբ և հայ համայնքի միջոցներով 2004 թվականին կառուցվել է դպրոց, որտեղ սովորում է 101 աշակերտ։ Ունենք նաև նորակառույց մանկապարտեզ։ 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել են գյուղի դպրոցի և մանկապարտեզի շենքերը, որոնք պետության կողմից արդեն վերանորոգվել են»,-մանրամասնել է նա։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմից հետո տեղահանված տասը ընտանիք է բնակեցվել համայնքում։  
 
«Մինչև 44-օրյա պատերազմը համայնքն ուներ 2876 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որի 75 տոկոսը բռնազավթվել է թշնամու կողմից: Այդ պատճառով գյուղացիների մեծ մասը դադարել է գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մեր ունեցած հողատարածքներն էլ գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ և, անվտանգությունից ելնելով, չեն մշակվում։ Ունենք արոտավայրերի խնդիր, որի պատճառով տուժել է անասնապահությունը։ Այնուամենայնիվ, կան տնտեսություններ, որոնք, դեռ շարունակում են զբաղվել անասնապահությամբ»,-ասել է Է. Աբրահամյանը։  
 
Նրա տեղեկացմամբ՝ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի կողմից համայնքում 27 ջերմատուն է կառուցվել, ինչը փոքր-ինչ լուծում է տվել զբաղվածության խնդրին: Առկա է նոր ջերմատների կառուցման պահանջարկ։ Գյուղում զբաղվում են նաև մեղվաբուծությամբ: Մոտ 75 մեղվաընտանիք ունեն։
 
 Համայնքապետի հավաստմամբ՝ բերքի իրացման խնդիր չկա:
 
Շոշի բնակիչներն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ, էլեկտրաէներգիայով, բնական գազով։  
 
Գյուղում գործում են երկու մթերային և ալյուրի խանութներ, հացի փուռ, գեղեցկության սրահ։

  • Կիսվել: