հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վաղվա օրվա հավատով մոխրաթաղցի ընտանիքը վերակառուցում է իր տունը

Վաղվա օրվա հավատով մոխրաթաղցի ընտանիքը վերակառուցում է իր տունը

Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակչուհի Մարինե Զաքարյանի ընտանիքը հայրենիքում ապրելու և արարելու հաստատակամությամբ վերակառուցում է իր առանձնատունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Զաքարյանը տեղեկացրեց, որ արդեն երեք դուստր ունի և անկախ բոլոր խնդիրներից, շարունակում են քարը քարին դնելով վերակառուցել տունը՝ Արցախի շենացման գործում իրենց ներդրումն ունենալու համոզմունքով:

«Դեռ 2016 թվականին էինք մտադիր վերակառուցել տունը, սակայն սկսվեց Քառօրյա պատերազմը, որը ստիպեց հետաձգել մեր այդ ծրագիրը: Արցախյան երրորդ պատերազմից հետո վճռեցինք, որ ինչքան էլ թշնամին փորձի մեզ խանգարել, միևնույնն է պիտի Արցախը շենացնենք և երբեք կանգ չառնենք այդ որոշումն իրագործելու ճանապարհին: Այս ընթացքում նաև երեք երեխա ունեցանք, բացի այդ մեզ հետ են նաև բնակվում ամուսնուս ծնողները, ուստի տան վերակառուցումը հաճելի անհրաժեշտություն էր, որ վաղուց էր հասունացել: Մեկ ամիս է, ինչ սկսել ենք շինարարությունը, որին զուգահեռ կիսատ չենք թողնում նաև ձմեռվա համար պահածոների պատրաստումը» ,- ասել է Մարինեն:

Մեր զրուցակիցն օրվա մեծ մասը երեխաներին հետ է անցկացնում: Նրանցից երկուսն արդեն դպրոց են հաճախում: Մարինեի կրտսեր դուստրը դեռ 9-ը ամսական է, այդուհանդերձ, ինչպես ինքն է հավաստիացնում, հաջողությամբ կարողանում է օգնության ձեռք մեկնել տան շինարարությանը, համատեղելով առտնին այլ գործերի և երեխաների դասապատրաստման հետ:

  • Կիսվել: