հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան Սիրիայից ԼՂ է ուղարկել հարյուրավոր վարձկանների, սակայն մի մասը, չդիմանալով կատաղի մարտերին, վերադարձել է. The Wall Steet Journal

Թուրքիան Սիրիայից ԼՂ է ուղարկել հարյուրավոր վարձկանների, սակայն մի մասը, չդիմանալով կատաղի մարտերին, վերադարձել է. The Wall Steet Journal

Սիրիայից մեկնած տասնյակ վարձկաններ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց, հայտնում է The Wall Steet Journal-ը:

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ հարյուրավոր գրոհայիններ Թուրքիայի կողմից ուղարկվել էին Լեռնային Ղարաբաղ, սակայն շատերը չեն դիմանում կատաղի մարտերին: Մոտ 200 վարձկան խնդրում է իրեն հետ վերադարձնել: Նրանց մարտական ոգին կոտրվել է նաև սպանվածների արագ աճող թվի պատճառով: 

Ընդ որում, վարձկանների աշխատավարձը կազմում է մոտ 2000 դոլար, և Արցախ մեկնել ցանկացողների թիվը չի նվազում:

The Wall Steet Journal թերթում հրապարակված հոդվածի հեղինակը վստահեցնում է, որ Թուրքիայի հետ կապված հարյուրավոր գրոհայիններ Սիրիայից ուղարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Ըստ հոդվածագրի՝ «սիրիական զինված խմբավորումների հարյուրավոր անդամներ մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող մարտերին»: Տեղեկությունն այս մասին հաստատել են թերթի 2 աղբյուրները Սիրիայում, որոնք կապ ունեն գրոհայինների տեղափոխման հետ:

Աղբյուրները նշում են, որ հուլիս ամսից սկսած «սիրիացի գրոհային խմբավորումների շրջանում սկսվել է մարտական գործողություններին մասնակցելու մասին տեղեկություն տարածվել»: Սեպտեմբերի կեսից սկսվել է Սիրիայից գրոհայիններին հակամարտության գոտի տեղափոխումը՝ «յուրաքանչյուր խմբում մոտ 100 մարդ»:

Սիրիայում զինված խմբավորումների հետ կապված աղբյուրը նշում է, որ հարյուրավոր գրոհայիններ են ուղարկվել, սակայն «տասնյակ վարձկաններ վերադարձել են՝ կատաղի մարտերից անհանգստացած»:

Հոդվածի աբյուրը նշում է, որ «սիրիացի գրոհայինների շրջանում կորուստներն արագ աճում են: Ղարաբաղ մեկնածներից մոտ 200-ը խնդրում են ետ տանել իրենց»:

«Թուրքիան Ադրբեջանում 2 շաբաթ տևողությամբ զորավարժություններ է կազմակերպել և «Ադրբեջանի իշխանություններին տրամադրել հարվածող անօդաչուներ»», նշում է հեղինակը:

ԱՄՆ ռազմական գերատեսչության տվյալների համաձայն՝ Թուրքիան ավելի վաղ մոտ 5000 գրոհային էր ուղարկել Սիրիայից դեպի Լիբիա: «Լիբիա կամ Ադրբեջան ուղարկելը նորմալ երևույթ է դարձել: Մարդկանց համար արդեն միևնույնն է՝ ինչի կամ ում դեմ կռվել, այժմ նրանք հարցնում են միայն գումարի մասին: Նրանք կմեկնեն այնտեղ, որտեղ գումար կա»,- վստահեցնում է թերթի սիրիական աղբյուրը:

«Թուրքիայի իշխանությունները հերքում են Սիրիայից գրոհայիններին ուղարկելու մասին մեղադրանքները, իսկ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ մարտերում Սիրիայից վարձկաններ չեն ընդգրկել»,-եզրափակում է հեղինակը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 13-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 173 անօդաչու թռչող սարք, 521 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 5139 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 542 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում, գրում է tert.am-ը:

 
 

  • Կիսվել: