հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տեղի է ունեցել ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի կազմակերպած ասմունքի փառատոնի հաղթողների պարգևատրումը

Տեղի է ունեցել ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի կազմակերպած ասմունքի փառատոնի հաղթողների պարգևատրումը

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված ասմունքի համահայկական առցանց փառատոնի 5 հաղթողների պարգևատրման արարողություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ նախագահի աշխատակազմի Ռուսաց լեզվի բաժնի վարիչ Սեյրան Կարապետյանը տեղեկացրել է, որ փառատոնը կազմակերպվել է անցնող տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին:

«Մենք հայտարարություն էինք տեղադրել ֆեյսբուքյան էջում, որին հայտագրվել է 33 մասնակից՝ Արցախի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից և ԱՄՆ-ից։ Տարիքային սահմանափակում չկար։ Հաղթողներ ունենք նաև ԱՄՆ-ից, ՌԴ-ից, որոնց դիպլոմներն ուղարկել ենք էլեկտրոնային հասցեով։ Եվս մեկ հաղթող Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակվելու պատճառով մնացել է Երևանում»,-նշել է Ս. Կարապետյանը՝ կարևորելով նման փառատոների կազմակերպումը։

Ասմունքի փառատոնի բոլոր հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով ու գրքերով և ամանորյա նվերներ ստացել։ Շնորհակալական դիպլոմներ են ստացել նաև փառատոնին մասնակցած՝ Մարտունու շրջանի Սոս, Աշան, Ասկերանի շրջանի Խնձրիստան, Մարտակերտի շրջանի Մաղավուզ համայնքների և Հադրութի դպրոցները։

 

  • Կիսվել: