հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Տեղահանված ընտանիքները տեղափոխվել են Արտաշատի մարզադպրոցից

Տեղահանված ընտանիքները տեղափոխվել են Արտաշատի մարզադպրոցից

Արտաշատի մարզադպրոցի դահլիճում ներկայում մնացել է բռնի տեղահանված միայն 2 ընտանիք։ Նրանք ևս առաջիկա օրերին կտեղափոխվեն։ Այս մասին հայտնել են ՏԿԵՆ-ից։

Այս հարկի տակ ավելի վաղ տեղակայվել էին  104 բռնի տեղահանված։ Նախաձեռնությունը «Բռունցք 2020» բարեգործական հասարակական կազմակերպությանն է,որը ստռղծվել է 44-օրյա պատերազմի օրերին։

 «Ա1+ »-ը զրուցել  է «Բրունցք-2020» ՀԿ-ի հիմնադիր և տնօրեն Մարկուս Ազադիանի հետ։

-Ինչպե՞ս կայացրիք տեղահանվածներին Արտաշատ քաղաքի մարզադպրոց տեղավորելու որոշումը։

-Մտածեցինք կացարանով օգնել ու գնացինք Գորիս։ Բայց մեզ ասացին, որ այնտեղ կարիքն այդքան էլ չկա։ Հետո ծանոթներով հասանք Արտաշատ։ Համայնքապետի հետ հանդիպեցինք, և իրենց դուրը եկավ մեր գաղափարը։ Մենք ասացինք, որ մեզ միայն տարածք է պետք, իհարկե, լավ կլինի փակ տարածք, որ անհրաժեշտ պայմանները լինեն։ Իրանք մեզ ցույց տվեցին Արտաշատի բասկետբոլի նախկին սպորտդպրոցը, հիմա էլ չի գործում։ Մենք տարածքը նայեցինք ու հավանեցինք։ Մեր նպատակը եղել էր 100 մահճակալ, իսկ մյուս օրը 50 մահճակալ ունեցել ենք, որոնցից 46֊ը երեկոյան արդեն զբաղված էին։ Մենք այդ ամեն ստեղծեցինք 24 ժամում։ Իհարկե, համայնքապետարանը մեզ շատ օգնեց` վերանորոգելով մարզադպրոցի քանդած հատվածները։Մեր նպատակն էր, որ մեր հայրենակիցները դրսում չլինեին։

-Քանի՞ հոգի եք ընդունել այս ընթացքում։  Հետո ու՞ր են տեղափոխվում նրանք։

-Ամեն անգամ փոփոխվում է բնակիչների թիվը, քանի որ շատերը դուրս են գալիս, շատերը գալիս են։ Ընդհանուր 104 հոգի են եղել։ Սպորտդպրոցից դուրս եկող ընտանիքները բնակություն են հաստատում և՛ Արտաշատում, և՛ Երևանում, և՛ մի շարք այլ բնակավայրերում։

-Առաջիկայում  կազմակերպությունը նախատեսո՞ւմ է այլ աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը։

-Ապագայի մասին մենք դեռ քննարկում ենք ու չգիտենք։ Ինչքան դեռ կարողանում ենք, կարող ենք օգնել և ֆինանսավորել։  Մենք նման ենք շտապ օգնության։ Օրինակ, երբ մարդ վատանում է, մենք գալիս ենք ու ցուցաբերում ենք շտապ, առաջնային օգնություն, իսկ հետո մեկը պետք է գա, որպեսզի բուժի հիվանդին։ Իսկ բուժելու գործը մենք չենք կարող անել։

-Ինչպե՞ս կարող են անհատները կամ այլ կազմակերպությունները նպաստել կամ ներգրավվել «Բրունցք 2020» ՀԿ-ի  միջոցառումներին` աջակցելու Արցախի տեղահանվածներին:

-Մենք բաց ենք ու ուզում ենք, որ մեր հայրենակիցները բոլոր հնարավորությունները ունենան։ Մենք առաջին օրվանից դարձել ենք մեծ ընտանիք։ Անհատներն ու կազմակերպությունները նույնպես շատ են օգնում։ Բոլոր կամավորները արտաշատցիներ են։ Առաջին օրը մենք հայտարարություն տվեցինք, որովհետև հասկացանք, որ երևանցի կամավորների համար դժվար կլինի գալ ու գնալ։ Հիմա ավելի քան 20 կամավոր ունենք։ Բացի այդ` բնակիչները միշտ գալիս են, հարցնում են, թե ինչով կարող են օգնել, իրենց այգիներից մրգեր են բերում։ Խանութների ղեկավարները նույնպես օգնում են։ Ես երբեք ոչ մեկին չեմ մեղադրում։ Մարդ կա, որ կարող է շատ բան անել, մարդ կա` քիչ։

Դժվար է, հեշտ չի տեսնել, թե ժողովուրդն ինչերի միջով է անցել ու շարունակում անցնել։ Տարիներով արարել, ստեղծել, բայց հիմա ոչինչ ունենալով հասել են այստեղ։ Ես 15 տարի Հայաստանում եմ, ու չեմ տեսել այսքան հոգատարություն մեր մեջ։ Լավ կլինի, որ մենք` որպես ազգ, միշտ օգնենք իրար, ոչ թե միայն նման դժվար ժամանակներում։

  • Կիսվել: