հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Արցախում ճգնաժամի ու դեպի Հակարի խաղաղ ավտոերթի կազմակերպման օրակարգով

Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ Արցախում ճգնաժամի ու դեպի Հակարի խաղաղ ավտոերթի կազմակերպման օրակարգով

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 16-ին մի խումբ ակտիվիստների կողմից կազմակերպվել է Արցախում հասունացող ճգնաժամի ու դեպի Հակարի խաղաղ ավտոերթի կազմակերպման վերաբերյալ հանրային ընդլայնված քննարկում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Օսիպյանը կարևորեց խաղաղ ակցիաները, որոնց շնորհիվ, նրա համոզմամբ, հնարավոր է արդյունքներ արձանագրել անվտանգության երաշխիքների առումով: «Կարծում ենք, որ դա միակ ճանապարհն է, որը թույլ կտա առանց արյունահեղության ապաշրջափակել միջանցքը, ինչը կնշանակի, որ Արցախը մնալու է հայկական»,- ասաց Օսիպյանը։

Անդրադառնալով օգոստոսի15-ին և 16-ին ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրի մուտքը փակելու միջոցով իրականացված ակցիային, նա նշեց, որ իրենց պահանջն անփոփոխ է մնացել, այն է՝ Արցախի անհապաղ ապաշրջափակում: «Միջանցքի ապաշրջափակում ասելով՝ ոչ միայն հասկանում ենք Հակարիի կամրջին անօրեն տեղադրված անցակետը, այլ նաև մեր խնդիրն այն է, որպեսզի այսպես կոչված էկոակտիվիստների հավաքի վայրից ռուս խաղաղապահների թույլտվությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը հանվեն»,- մանրամասնեց ակտիվիստը:

Ինչ վերաբերում է պահանջին, որպեսզի դեպի Հակարիի կամուրջ նախատեսվող խաղաղ երթի անվտանգությունն ապահովեն ռուս խաղաղապահները, ապա, ըստ Օսիպյանի, նրանց կողմից անհեթեթ պատասխաններ են ստացել: «Ասում են՝ միջանցքը մենք չենք զավթել, այն նույն տրամաբանությամբ, որով պատասխանել էին մեր նամակին, թե ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների՝՝ չկա այնպիսի կետ, որ իրենք պետք է ապահովեն խաղաղ երթի, հավաքի անվտանգությունը։ Իրականում, իրենք ասելու բան չունեն, որովհետև ինչ արվել է, Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ են արել»,- պնդեց նա:

 

  • Կիսվել: