ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները

Ստեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի բացումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ  ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում կարևորել է Արցախի ապագայի ու զարգացման համար կատարված աշխատանքն  ու իրականացվող քայլերը:

«Արցախի ապագան, անվտանգությունը և հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայ ազգի խնդիրն է: Հաջողության հնարավոր է հասնել տարբեր գաղափարներ, կարծիքներ  միմյանց հետ քննարկելով: Մեր առաջիկա նպատակներից են Արցախի անվտանգության խնդրի լուծումը  և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելը, որպեսզի եկող սերունդները հնարավորություն ունենան հայրենիքում կրթություն ստանալու և զարգանալու»,-ասել է նա:

Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանյան մասնաճյուղի նախագահ Հովսեփ Բաբայանի խոսքով՝  2020 թվականի ատերազմից հետո իրականացված մարդասիրական  բավականին խոշոր ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակական բնույթ են կրելու: «Հիմնական նպատակը Արցախի ժողովրդին ցույց տալն է, որ կարող են այստեղ ապրել և բարեկեցիկ կյանք ունենալ: Քննարկումների ընթացքում կփորձենք հասկանալ Արցախի Հանրապետության կառավարության առաջնահերթությունները և համապատասխանեցնել ծրագրերը»,-նշել է Հ. Բաբայանը:

«ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը համառոտ անդրադարձել է Արցախի զարգացման հնարավոր ուղղություններին՝  «Հայ Բարեգործական Ընդհանուր Միության» կողմից իրականացված հետազոտության արդյունքներով մշակված կլաստերային ծրագրերի ներկայացմամբ:

Այդ համատեքստում, ըստ բանախոսի, ընդգրկված են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր՝ այդ թվում  ագրոբիզնես, աշխատուժի զարգացում և աշխատատեղերի ստեղծում, առողջապահության, մշակույթի և  կրթության զարգացում:

Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի բացմանը հարջորդել  են պոտենցիալ դոնոր բարեգործական կազմակերպությունների հետ ընդհանուր և մասնախմբային քննարկումները, որոնք կշարունակվեն և կամփոփվեն դեկտեմբերի 6-ին:

 

  • Կիսվել: