Ստեփանակերտում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագիրը
ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության և ԱՀ ներդրումային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 10-ից «Ստեփանակերտ Սերվիս» ընկերությանը պատկանող 20 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագիրը, որի շրջանակներում բոլոր ուղևորներին անվճար տրամադրվում են դիմակներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը: 

Նրա խոսքով՝ ծրագիրն իրականացնում են 40 կամավորներ, ովքեր վաղ առավոտից՝ ժամը 07:00-ից մինչև երեկոյան 20:00-ն, չորս հերթափոխով աշխատանքներ են իրականացնում երթուղայիններում: 

«Երթուղային մտնող յուրաքանչյուր քաղաքացու անվճար հիմքով տրամադրվում է դիմակ, քաղաքացիները կարող են օգտվել նաև ախտահանիչ նյութերից: Մեր նպատակն է, որպեսզի երթուղայինում կանգնած քաղաքացիներ չլինեն՝ այդ կերպ կապահովենք սոցիալական հեռավորություն: Քաղաքացիների շրջանում բացատրական աշխատանքներ պետք է իրականացնել, որպեսզի նա առաջին մուտքով մտնի երթուղային՝ վճարելով գումարը, այնուհետև իջնի հետևի դռնով. այս կերպ կուտակումներ չեն լինի», - մասնավորապես ասել է Դ. Ղուկասյանը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնության շնորհիվ կկարողանան հնարավորին չափ կանխել Նոր կորոնավիրուսի տարածումը: 

Նա տեղեկացրել է նաև, որ 12 կամավորներ էլ աշխատանքներ են իրականացնում սննդի անվտանգության բնագավառում: 

Ի դեպ, նախքան աշխատանքի կազմակերպումը՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՀ առողջապահության նախարարության համապատասխան ներկայացուցչի, ինչպես նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանի հետ, ովքեր ներկայացրել են իրավիճակը և բացատրական աշխատանքներ իրականացրել այդ ուղղությամբ: