ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին նվիված միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին նվիված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Արցախի պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին նվիրված միջոցառում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կայացած միջոցառմանը ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ մեծ է մարշալ Բաղրամյանի մեծ ավանդն ու դերակատարությունը ոչ միայն Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում, այլ նաև Սարդարապատի ճակատամարտում:
 
«1950-ականների վերջին զորավար Անդրանիկի և Սարդարապատի ճակատամարտի մասին նրա պատմած հուշերի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ վերագտնել իր հերոսին: Մարշալ Բաղրամյանը երբևէ իրեն չհամարեց ուրիշ պետության զավակ, այլ ասում էր, որ ամեն ինչ ստացել է հայ ժողովրդից: Խորհրդային տարիներին նման բան ասելը հերոսություն կարելի է համարել»,-նշել է Լ. Հովհաննիսյանը:
 
Պատմաբան Մհեր Հարությունյանի խոսքով՝ պատմական իրադարձությունները փաստում են, որ մարշալ Բաղրամյանին յուրահատուկ էր կազմակերպվածությունը, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու կարողությունը, համարձակ ռազմերթեր կազմակերպելու հմտությունը և մտքի սլացքը, որի հետ անգամ Իոսիֆ Ստալինն էր հաշվի նստում:
«Սա ինքնին վկայում է այն մասին, որ Բաղրամյանը եղել է տաղանդավոր զորավար: Նա միշտ պահել է իր հայեցի կերպարը և փորձել է օգտակար լինել Հայաստանին»,-ընդգծել է Մ. Հարությունյանը:
 
Պատմաերկրագիտական թանգարանում ցուցադրվեցին մարշալ Բաղրամյանի կյանքի, անցած հերոսական ուղու, ճակատամարտերում դրսևորած զորավարական տաղանդի մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ:
 
Արցախի պատմաերկրագիտական թանգարանի էքսկուրսավար Գայանե Գրիգորյանն անհրաժեշտություն է համարել նման միջոցառումները՝ կարևորելով Հովհաննես Բաղրամյանի և մյուս նշանավոր հայ զորահրամանատարների հերոսական ուղին վերագնահատելն ու նրանց օրինակով մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

  • Կիսվել: