ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում կազմակերպվել է ազգային նվագարանների  և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատես

Ստեփանակերտում կազմակերպվել է ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատես

Այսօր՝ հուլիսի 7-ին, Ստեփանակերտի Շառլ-Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել ազգային նվագարանների  և ժողովրդական երգի հանրապետական մրցույթ-ստուգատես։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մրցութային ծրագիրը նախաձեռնել է ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Մեզ հետ զրույցում հանձնախմբի նախագահ Լևոն Սարդարյանն ասել է, որ մրցույթն ամենամյա է և նպատակ ունի հայկական ժողովրդական երգարվեստի ու երաժշտարվեստի բնագավառում բացահայտել  շնորհաշատ պատանի երգիչներին և երաժիշտ-կատարողներին, նպաստել նրանց կատարողական ունակությունների կատարելագործմանը, գեղագիտական  ճաշակի զարգացմանը:

«Ազգային նվագարանների և ժողովրդական երգի հանրապետական մրցույթի  կազմակերպումը մեծ հետաքրքրություն է  առաջ բերում ազգային նվագարանների հանդեպ՝ դառնալով գեղարվեստական ճաշակի յուրահատուկ ցույց և հրավեր դեպի ժողովրդական մեղեդիների հեքիաթային աշխարհը:

Այն  մեծ նշանակություն ունի Արցախում գործող երաժշտական ու արվեստի դպրոցների միջև շփման, համագործակցության և հանրապետությունում ազգային նվագարանների ուսուցման գործընթացի զարգացման  համար`  իր ուրույն դերն ունենալով մատաղ սերնդին կրթելու  գործում:

Նմանատիպ նախաձեռնությւունների իրականացումը կարևորվում է հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում`  երեխաների տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում: Այն կենսական կարևորություն ունի նաև այսօրվա մեր գոյության տեսակը  և  ինքնությունը պահպանելու առումով»,-մանրամասնել է Լ. Սարդարյանը։

Նրա խոսքով՝ այս տարի մրցույթը փոքր-ինչ առանձնանում է իր բովանդակությամբ: «Մրցույթ-ստուգատես» անվանումը պատահական չի ընտրվել: Դրա միջոցով հնարավորություն  կստեղծվի ստուգել տարվա կտրվածքով  ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցների կատարած աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև դպրոցներում ազգային նվագարանների և ժողովրդական երգի դասավանդման դրվածքը:

Մրցույթի ավարտին մրցանակային տեղեր կսահմանվեն  երաժշտական ու արվեստի դպրոցների համար: Ըստ մրցույթ-ստուգատեսի մասնակիցների հավաքած միավորների հանրագումարի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցներին կտրամադրվեն երաժշտական գործիքներ:

  • Կիսվել: