ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում կատարվում է իննհարկանի շենքի սեյսմամեկուսացման եզակի աշխատանք

Ստեփանակերտում կատարվում է իննհարկանի շենքի սեյսմամեկուսացման եզակի աշխատանք

ԱՀ քաղաքաշինության նախարարության հրավերով Արցախ է ժամանել սեյսմամեկուսացման տեխնոլոգիայի հեղինակ, տեխնիկակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանը՝ մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի 1-ին փակուղու թիվ 8 շենքում կատարվող սեյսմամեկուսացման աշխատանքների ընթացքին ծանոթանալու և հեղինակային վերահսկողություն իրականացնելու նպատակով։

 Ինչպես հայտնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, շենքի ամրացման աշխատանքները կատարվում են վերջինիս կողմից ստեղծված սեյսմամեկուսացման տեխնոլոգիայով, համաձայն որի՝ շենքի նկուղային մասում կատարվում են բացվածքներ և աստիճանաբար կտրելով հիմքից՝ տեղադրվում սեյսմամեկուսիչներ։
 
Նրա խոսքով՝ Ստեփանակերտում կատարվում է եզակի աշխատանք, քանի որ այն իրականացվում է խոշորապանել իննհարկանի շենքի պարագայում։ Մինչ այժմ նմանօրինակ աշխատանքներ կատարվել են քարե և կարկասային շենքերի դեպքում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսատանում և Ռումինիայում։ Այն եզակի հնարավորություն է ստեղծում, սեյսմիկ առումով թույլ շենքը, կտրելով հիմքից և տեղադրելով սեյսմամեկուսացման համակարգ, երկրաշարժերի պարագայում անվտանգության մակարդակը բարձրացնել առավելագույնի։
Պրոֆեսոր Մելքումյանն իր գոհունակությունն հայտնեց կատարվող աշխատանքների վերաբերյալ, ընդծելով, որ մատնանշված թերությունները խնդրահարույց չեն։

  • Կիսվել: