ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ստեփանակերտում ի՞նչ խնդիրներով են դիմել Երևանից ժամանած մանկական նյարդաբանին. մանրամասնում է բժիշկը

Ստեփանակերտում ի՞նչ խնդիրներով են դիմել Երևանից ժամանած մանկական նյարդաբանին. մանրամասնում է բժիշկը

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում արդեն երկու օր է «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ են իրականացնում Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնից ժամանած մանկական նյարդաբաններ Անի Գևորգյանը և Անահիտ Հովհաննիսյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանը նշեց, որ երկրորդ անգամ է այցելում Արցախ:

«Անցած տարվանից, երկու ամիսը մեկ երկու նյարդաբաններով գալիս ենք Արցախ: Նպատակն նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաներին զննելն է: Մեր պարբերական արցախյան այցերը պայմանավորված են տեղում նյարդաբանի բացակայության խնդրով: Այս անգամ նկատել ենք դիմողների և այցելուների թվի աճ: Երկու օրվա ընթացքում ընդհանուր առմամբ զննել ենք մոտ 120 հիվանդի, իսկ օրական հասցնում ենք 50-ին ընդունել: Նախկին մեր այցերի ժամանակ հիմնականում առողջ երեխաների էինք հանդիպում, ովքեր պարզապես գալիս էին հերթական ստուգման: Այս անգամ հիմնականում զննել ենք նյարդային գանգատներ ունեցող՝ մի քանի օրականից մինչև 17 տարեկան երեխաների: Դիմում են հիմնականում ցնցումների, զարգացման հապաղումների, գլխացավի առկայությամբ»- ասել է Ա. Գևորգյանը:

Նշենք, որ Երևանից ժամանած մանկական նյարդաբանների խորհրդատվությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը:

  • Կիսվել: