շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում դիմավորել են պրոֆեսիոնալ մենամարտերի  միջազգային մրցաշարի հաղթող մարզիկին

Ստեփանակերտում դիմավորել են պրոֆեսիոնալ մենամարտերի միջազգային մրցաշարի հաղթող մարզիկին

Այսօր՝ հունիսի 13-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դիմավորել  են  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում GFC-16  միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարի հաղթող, Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ Թաթուլ  Ավագյանին և մարզիչ Գարեգին Աղաբալյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզիկը նշել է, որ սա իր 4-րդ հաղթանակն է:
 
«Մենամարտին մասնակցում էին աշխարհի ութ պետություններ: Մրցակիցս Վրաստանի ներակայացուցիչն էր: Առաջին ռաունդում ունեցա բացթողումներ, որովհետև մրցակիցս լավ էր պատրաստվել: Երկրորդ ռաունդում արդեն կարողացա ուղղել սխալներս: Մարզչական կազմի հետ միասին կարողացանք գործել այլ մարտավարությամբ և հասնել ցանկալի արդյունքի»,-ասել է Թ. Ավագյանն ու տեղեկացրել, որ արդեն 7 տարի է, ինչ զբաղվում է այդ սպորտաձևով:
 
Մարզիչ Գարեգին Աղաբալյանի խոսքով՝ մրցաշարը և մենամարտերը կազմակերպված  էին բարձր մակարդակով:
 
«Այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր է, որին հասել ենք  մեծ դժվարությամբ՝  ճիշտ մարտավարություն մշակելով: Թաթուլի մրցակիցը բավականին պատրաստված էր, բայց երկրորդ ռաունդում  նա հարված բաց թողեց, և արդյունքում  նոկաուտով ավարտեցինք մենամարտը»,-նշեց մարզիչը:
 
Նա տեղեկացրել է, որ GFC-16 միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպությունը երկու ամսից կկազմակերպի հերթական մենամարտը ճանաչված մարզիկի հետ:
 
«Ունենք մենամարտերի առաջարկ ղազախական «Naiza» կազմակերպության կողմից: Եվս երեք մենամարտերից հետո կփորձենք հանդես գալ  ավելի բարձր լիգաներում»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը:
 
 

  • Կիսվել: