կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ստեփանակերտում ցուցադրվել է Խամփերյանցի մասին պատմող «Երկու ճակատագիր» փաստավավերագրական ֆիլմը

Ստեփանակերտում ցուցադրվել է Խամփերյանցի մասին պատմող «Երկու ճակատագիր» փաստավավերագրական ֆիլմը

Այսօր` հունիսի 4-ին,Ստեփանակերտի Ազատամարտիկների միության պուրակի բացօթյա կինոթատրոնում տեղի է ունեցել ժամանակակից ռազմաօդային ուժերի ստեղծողներից մեկի՝ Հայրենական մեծ պատերազմի հերոս մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) մասին «Երկու ճակատագիր» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ֆիլմը պատմում է նրա կյանքի  վերելքների ու վայրեջքների, ծանր ու փառահեղ օրերի մասին։
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և համահիմնադիր, մարշալ  Խամփերյանցի մասին  ֆիլմի գաղափարի հեղինակ, գլխավոր պրոդյուսեր, մարշալի  ընտանիքի բարեկամ Արթուր Սողոմոնյանը նշում է, որ Արմենակ Խամփերյանցը արցախցիների հպարտությունն է:
 
«Սերգեյ Խուդյակովը ծանր մանկություն է ունեցել, և մեր նպատակն է, որ մարդիկ դիտեն այս ֆիլմը և  իմանան նրա կյանքի մասին: Մենք բոլորս հպարտանալու տեղ ունենք, քանի որ ունեցել ենք Խուդյակովի նման հերոս:  Ֆիլմի ցուցադրությունը  առաջին անգամ Մոսկվայում է  կայացել` 2022 թվականի ապրիլի 17-ին, ապա Երևանում, իսկ հիմա` վերջապես Արցախում: Հույս ունեմ` ֆիլմը կոգևորի և ուժ կտա արցախցիներին, չէ որ նա մարշալ Խամփերյանցն է»,- նշել է  Ա.  Սողոմոնյանը:
Ֆիլմը նկարահանել է «Partner Film» կինոընկերությունը: Աջակցել են ՌԴ Մշակույթի նախարարությունն ու «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական  հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման  հիմնադրամը: Ֆիլմի ռեժիսորներն են Օլեգ Մասսառիգինը և Վագա Վարդանյանը:
 
 
 

  • Կիսվել: