հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում բազմաթիվ գողությունների հեղինակը բացահայտվեց

Ստեփանակերտում բազմաթիվ գողությունների հեղինակը բացահայտվեց

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործով քննիչի ու ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են միևնույն անձի կողմից կատարված հափշտակության դեպքեր:
Այսպես.
 
2022թ. հունիսի 17-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Մ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, տան բաց պատուհանով ապօրինի մուտք է գործել Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 3 հասցեում տեղակայված՝ քաղաքացի Ռ.Օ.-ին պատկանող առանձնատան ննջասենյակ և այնտեղից գաղտնի հափշտակել 195.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
 
2022թ. հունիսի 25-ին, ժամը 20:00-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Մ.-ն բաց պատուհանով ձեռքը մտցնելու եղանակով ապօրինի մուտք է գործել քաղաքացի Ն.Օ.-ի կողմից օգտագործվող «PORSCHE CAYENNE» մակնիշի 51 LM 500 պետական հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահ և այնտեղից գաղտնի հափշտակել 2.400 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը, դրա մեջ առկա մեկ զույգ 19.810 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ականջօղերը և 250.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:
 
2022թ. հուլիսի 14-ին, ժամը 22:30-ի սահմաններում, նույն Ա.Մ.-ն, մոտեցել է Ստեփանակերտ քաղաքի Բեկզադյան փողոցի նրբանցք թիվ 3 հասցեում տեղակայված՝ Ռ. Օ.-ին պատկանող առանձնատան բաց պատուհանին և հափշտակություն կատարելու նպատակով փորձել ապօրինի մուտք գործել հիշյալ առանձնատուն, սակայն չկարողանալով մուտք գործել՝ այդպիսով չի կարողացել նաև ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը և դեպքի վայրից դիմել է փախուստի:
 
Քննիչի որոշմամբ Ա.Մ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (գողություն) և 33-183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (գողության փորձ) նախատեսված ենթադրյալ հանցանքների կատարման համար, հսկող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
 
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելու է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
 
Արցախի Հանրապետության դատախազություն

  • Կիսվել: