ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների ցուցահանդես-վաճառքը

Ստեփանակերտում բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների ցուցահանդես-վաճառքը

Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն»ֆրանկոֆոնիայի կենտրոնում նախօրեին բացվել է Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարների և անվանական տետրերի բարեգործական ցուցահանդես-վաճառքը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ`ցուցադրությանը ներկայացվել են Արցախյան առաջին պատերազմում անմահացած ազատամարտիկ, հրամանատար Սամվել Սաֆարյանի դստեր՝ կյանքից անժամանակ հեռացած Սաթենիկ Սաֆարյանի լուսանկարչական գործերն ու անվանական տետրեր, որոնց վրա արտապատկերված են նրա լուսանկարները։

Ցուցադրություն-վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին` քաղցկեղով հիվանդ երեխաների ու երիտասարդների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության պետական Նախարար Արտակ Բեգլարյանը, ում խոսքով՝ Սաթենիկն իր ապրած կյանքով ու գործով այժմ էլ շարունակում է օգտակար լինել մարդկանց, երեխաներին, ովքեր ունեն օգնության կարիք։

Կայքի հետ զրույցում Սաթենիկի ընկերուհի Յանա Ավանեսյանը, ով դպրոցական տարիներից է ճանաչել նրան, անժամանակ կյանքից հեռացած ընկերուհուն բնութագրեց որպես վառ ու լուսավոր անձնավորություն։

«Սաթենիկն այն լուսավոր մարդկանցից էր, ում անվան հետ ասոցացվում է միայն լավն ու բարին: Նա շատ տաղանդավոր էր, ստեղծագործ, ամեն ինչում՝ լավագույն։ Սիրում էր ճանապարհորդել, լուսանկարել: Նրա լուսանկարների դիտանկյունը նույնպես յուրահատուկ էր։ Մի անգամ Երևանում զբոսնելիս Սաթենիկը փորձեց շենքերը լուսանկարել ջրի արտացոլանքում։ Լուսանկարչությունը սկզբում զբաղմունք էր Սաթենիկի համար, այնուհետև կապվեց այդ արվեստին»,- պատմեց ընկերուհին:

Վերոնիկա Պետրոսյանը, նույնպես, Սաթենիկին ճանաչում է դպրոցական տարիներից, երբ միասին սովորում էին ֆիզմաթ դպրոցում:

«Առաջի տպավորությունը այն էր, կարծես արև էր մտել մեր դասարան։ Սաթենիկն անմիջապես դարձավ մեր դասարանի սիրտը։ Տպավորություն էր, որ նա ամեն ինչից տեղյակ է: Նրա ստեղծագործությունների այս ցուցադրությունն արտացոլում է կյանքը, որով ապրում էր Սաթենիկը»,- նշել է Վ. Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Սաթենիկ Սաֆարյանի մայրը՝ Նունե Սաֆարյանը, ընտանքի անդամներ, հարազատներ, ընկերներն ու արվեստասեր հասարակություն։ Ցուցահանդես-վաճառքը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում կշարունակվի նաև առաջիկա օրերին։

Արցախյան առաջին պատերազմում անմահացած ազատամարտիկ, հրամանատար Սամվել Սաֆարյանի դուստրը՝ Սաթենիկ Սաֆարյանը, կյանքից հեռացել է 25 տարեկան հասակում՝ քաղցկեղի հետևանքով: Նա ընտրել էր բժիշկ- օնկոլոգի մասնագիտությունը՝ բուժելու և կյանքեր փրկելու համար:

  • Կիսվել: