երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շրջափակման մեջ գտնվող Արցախի թատրոնում ներկայացվել է «Ձմեռային հեքիաթ» բեմադրությունը

Շրջափակման մեջ գտնվող Արցախի թատրոնում ներկայացվել է «Ձմեռային հեքիաթ» բեմադրությունը

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դպրոցականներին է ներկայացրել «Ձմեռային հեքիաթ» բեմադրությունը: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն տեղեկացրել  է, որ նախաձեռնությունը կշարունակվի հինգ օր:


«Փորձում ենք երեխաներին դուրս բերել ստեղծված իրավիճակով պայմանավորված հոգեվիճակից: Բազմաթիվ դժվարություններ կային այս ընթացքում, բայց մեր կոլեկտիվի և հովանավորի շնորհիվ կարողացանք հաղթահարել դրանք, և այսօր  փոքրիկ արցախցիներին հնարավորություն ընձեռել դիտելու «Ձմեռային հեքիաթ» բեմադրությունը: Մոտ 2000 երեխայի համար պատրաստել ենք նվերներ, որի համար շնորհակալ եմ մեր հովանավոր «Հայ-ռուսական բարեկամության զարգացման կենտրոնին»՝ ի դեմս տնօրեն Հայկ Մելիքյանի»,-նշել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ նախատեսում են դեկտեմբերի 29-ին նույն բեմադրությամբ հանդես գալ Ճարտար քաղաքում:

Երեխաների համար նվերներն արդեն պատրաստում են: 

Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի դասվար Շուշանիկ Ջիվանշիրյանը մեզ հետ զրույցում կարևորել է նման միջոցառումները՝ հատկապես, այս օրերին: 

«Այսօր մեծ բավականություն ստացանք և մենք, և երեխաները: Թող տեսնի մեր թշնամին, որ Արցախն ապրում է, երեխաներն ուրախանալ գիտեն, Արցախի դերասանները հրաշալի խաղ ցուցադրել գիտեն: Պետք է հասկանա, որ մեզ շրջափակելով չի կարող հաղթել: Սա էլ կանցնի և մենք դուրս կգանք այս իրավիճակից ավելի ուժեղացած, ավելի հզոր՝ այսպիսի միջոցառումները կնպաստեն դրան»,-համոզմունք է հայտնել  դասվարը:

 Ներկայացումից հետո Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը երեխաներին նվերներ են բաժանել:

 

 

 

 

 

 

 

  • Կիսվել: