չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան համար 2 դպրոցում դասարան է անվանակոչվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսամարտիկի անվամբ

Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան համար 2 դպրոցում դասարան է անվանակոչվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսամարտիկի անվամբ

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցում դասարան է անվանակոչվել, կրթօջախի շրջանավարտ, Արցախյան երրորդ պատերազմում նահատակված Գառնիկ Կզիրյանցի անունով։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանուն հայրենիքի անմահացած հերոսի անվամբ դասասենյակի անվանակոչության արարողությանը դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանը նշել է, որ նա օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով:

«Դժվար է ամեն անգամ կանգնել լույս տղաների առաջ , նայել նրանց աչքերին և խոսել այն ծով տառապանքից, որ կրեց մեր ժողովուրդը , բայց ցավից պետք է ծնվի պայքարը : Մենք ցավն ու պայքարը պետք է դարձնենք գաղափար»,-ասել է Լ. Մարտիրոսյանը:

Հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած Գառնիկի որդին՝ Էդվարդը գիտակցում է հերոսի որդի լինելու մեծ պատասխանատվությունը:

«Շատ եմ կարոտում հայրիկին: Ես ու քույրս ամեն ինչ կանենք, որպեսզի նրան արժանի զավակներ լինենք: Ես իմ քրոջ համար կփորձեմ և հայր լինել, և եղբայր»,- ասել է հերոսամարտիկի որդին:
Միջոցառման ընթացքում դպրոցականներ հանդես են եկել ասմունքով և հայրենասիրական կատարումներով:

 

  • Կիսվել: