չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Սթարմուս» փառատոնը Երևանում կհյուրընկալի նաև շուրջ 100 պատանիների ու երեխաների Արցախից

«Սթարմուս» փառատոնը Երևանում կհյուրընկալի նաև շուրջ 100 պատանիների ու երեխաների Արցախից

 Երևանում անցկացվելիք «Սթարմուս» փառատոնին Արցախից կհյուրընկալվեն շուրջ 100 երեխաներ և պատանիներ: Այս մասին  մամուլի ասուլիսի ընթացքում  նշեց STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը։

«Նախատեսում ենք նաև, որ Արցախից մոտ 100 երեխաներ և պատանիներ մասնակցություն կունենան փառատոնին»,- նշեց աստղաֆիզիկոսը:

Իսրայելյանի գնահատմամբ՝ Հայաստանում փառատոնի անցկացումը կօգնի մարդկանց դուրս գալ դեպրեսիվ վիճակից:  

«Լիահույս եմ, որ «Սթարմուս»-ը նաև լրահոսի որոշակի  փոփոխություն կբերի: Մեդիան կարող է տրամադրել ժամանակի 30 տոկոսը, որպեսզի երիտասարդությանը ոգեշնչի գիտությամբ և կրթությամբ»,-նշեց Իսրայելյանը:

Իսրայելյանի խոսքով՝ իրենց համար շատ կարևոր է փառատոնն առավելագույնս հասանելի դարձնել երիտասարդությանը, հասարակության ամենալայն շրջանակներին: Ի տարբերություն Եվրոպայի, ուր փառատոնի մասնակցության տոմսերի արժեքը հասնում էր  700 եվրոյի՝ հայաստանյան փառատոնի համար որոշվել է սահմանել հնարավոր նվազագույն մատչելի գին՝ 25,000 դրամ, ուսանողների համար այն կզեղչվի և կդառնա 20,000 դրամ:

Նա հայտնեց, որ փառատոնից հետո մտադիր են Հայաստանի որոշ դպրոցներ ապահովել սիրողական աստղադիտակներով: 

Փառատոնի ընթացքում Հայաստան կբերվի նաև շարժական աստղացուցարան՝ նախատեսված 100 հոգու համար: Այն Երևանում կլինի փառատոնի անցկացման  օրերին:

  • Կիսվել: