ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շրջափակումը փորձության ժամ է ամբողջ հայ ժողովրդի համար. Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Շրջափակումը փորձության ժամ է ամբողջ հայ ժողովրդի համար. Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

Արցախի շրջափակումը հայ ժողովրդի դիմացկունությունը և միասնականությունը ստուգելու քննություն է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակչության  կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: 

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար պետք է հրաժարվենք երկիր ու ազգ քայքայող բոլոր խոտելի երևույթներից.  Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

«Յուրաքանչյուր հավատացյալի համար իր ամբողջ կյանքն է փորձություն, որովհետև մարդը, հավատալով ճշմարտությանը, հավատալով Քրիստոսին, ակամա հանդիպում է արգելքների, չարի գայթակղությունների, և փորձությունը, որպես այդպիսին, հավատացյալի համար նորություն չէ: Սա  ազգովի հաղթարելու փորձություն է, որը հավատացյալներին նաև առիթ է տալիս մյուսներին էլ բերել դեպի եկեղեցի՝ իրենց հավատքի մասին վկայելու, ասելու՝  դարձեք դեպի Քրիստոսը ու ձեր այս փորձությունները ավելի հեշտ կարող եք հաղթահարել»,- նշում է մեր զրուցակիցը:
 
Նրա խոսքով՝ այս օրերին յուրաքանչյուրն Աստծուն պետք է փնտրի իր, դիմացինի,  հայրենակցի ներսում, իսկ նեղություններն ու փորձությունները առավել ևս օգնում են գտնելու Աստծուն:

«1992-ի պատերազմից հետո գոյություն ուներ հոգևոր զարթոնք: Դրան նպաստող հանգամանքն այդ նեղությունները միասնական կրելու պատրաստակամությունն էր, երբ  մարդիկ մտածում էին ընդհանուր շահի մասին, անձնականը, կարծես, ետին պլան էր մղվել: Այսպես, միմյանց օգնելով, գտել էին Աստծուն, որովհետև դեպի Աստված տանող ամենակարճ ճանապարհը անցում է ընկերոջ, դիմացինի սրտի միջով»,- համոզմունք է հայտնել հոգևոր հայրը՝ ընդգծելով, որ  Արցախն այսօր արժանապատվության հիմնասյունն է դարձել հայ ժողովրդի, ով պիտի կարողանա հայացքը դարձնել Արցախին, ճիշտ հասկանա արցախցու կարիքները, ըմբռնի այն իրականությունը, որ արցախցին իր անբաժան  մասնիկն է:

«Սուրբ գիրքն ասում է՝ փորձությունները համբերություն են ծնում, համբերությունը՝ հույս, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում: Իրականում մեր ներկա իրավիճակը հույսով և համբերությամբ տանելն ինքնին հավատքի դրսևորում կարող է լինել, եթե մենք սա ընկալենք ոչ թե տանջանք և մեզ ուղարկված պատիժ, այլ առիթ, որպեսզի մենք կարողանանք ինքներս մեզ վերագտնել, առիթ՝ ապաշխարության։ Եթե այսպես մոտենանք մեր ներկա փորձություններին, ապա կարող ենք այն տանել մեծ համբերությամբ, որովհետև մութ մայրամուտներին հաջորդում են լուսավոր արևածագները»,-նշում է հոգևորականը՝ ավելացնելով, որ Սուրբ գիրքը պարզ կերպով ցույց է տալիս՝  երբ ազգերը հեռանում են Աստծուց և ընկնում են երկրավոր փառքի և նյութական բարիքների հետևից, ապա իրենց հասնում են պատերազմներ ու կործանում: 

«Ոչ թե Աստված է պատերազմ ուղարկում, այլ մենք՝ մեր քայլերով, ապրած կյանքով։ Մինչդեռ Աստված փորձում է ամեն դեպքում մեզ սովորեցնել, որ եթե ապրում ենք որպես ժողովուրդ, ապա առաջին տեղում դնենք ընդհանուրի շահը, սկզբում լինի մենքը, ապա նոր եսը, և  մտածենք ու գործենք այն համոզումով, որ պետք է մեզանից կախված ամեն ինչ անենք: Ինչպես եկեղեցու հայրերն են ասում, Աստված մեզ ստեղծել է առանց մեզ, բայց չի կարող փրկել առանց մեզ»,- ընդհանրացրել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

  • Կիսվել: