չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շրջափակման պատճառով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 17 հազար մարդ

Շրջափակման պատճառով փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է շուրջ 17 հազար մարդ

ԼՂ կառավարության տեղեկագրում հրապարակված են Լաչինի միջանցքի շրջափակման 240-րդ օրվա վիճակագրական թարմացված տվյալները։

  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,765 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։
  • Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 669 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս շարունակ դադարեցվել էին տեղափոխությունները մայիսին, կրկին կասեցվել հունիսի 15-ին, որից հետո որոշակի ընդհատումներով ու լրացուցիչ խոչընդոտներով շարունակվել են և վերջնականապես դադարել հուլիսի 30-ին՝ ԿԽՄԿ կողմից տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանի առևանգման պատճառով:
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չի կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3 900 անձ, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 224 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (240 օրվա ընթացքում մարդկանց 588 000-ի փոխարեն՝ 2628 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 0 ելքի և մուտքի դեպք:
  • Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 75 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (240 օրվա ընթացքում 220 800-ի փոխարեն՝ 2941 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների 0 մուտք և ելք:
  • Շուրջ 17 անգամ քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (240 օրվա ընթացքում մոտ 96 000 տոննայի փոխարեն՝ 5 715 տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ 0 տոննա:
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 173 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 211 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
  • Շրջափակումից ի վեր 1468 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 34,3 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը։
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 17 000 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը)։ Ցուցանիշը հատկապես վերջին շրջանում արագորեն աճում է։ Շրջափակման հետևանքով լրիվ կամ մասնակի տուժել են տնտեսության բոլոր ոլորտները։
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3,717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
  • Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 456 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 50 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

  • Կիսվել: