երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի առողջապահության նախարարը շնորհակալություն է  հայտնել ռազմական բուժաշխատողներին, որոնք նվիրված են հայ զինվորի կյանքը պահպանելու գործին

Արցախի առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմական բուժաշխատողներին, որոնք նվիրված են հայ զինվորի կյանքը պահպանելու գործին

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ուղերձ է հղել «Բուժաշխատողի օր» մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Տոնն առիթ է ոչ միայն ամփոփելու առողջապահական համակարգի ձեռքբերումները և մատնանշելու խնդիրները, այլև հրաշալի հնարավորություն՝ երախտիքի անկեղծ խոսք հղելու մեր բազում բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր գիշեր ու զօր մեծ նվիրումով, իրենց առաքելությանը հավատարիմ, համեստորեն մատուցում են իրենց ծառայությունը:
 
Ոլորտը, որը ներկայացնում եք դուք, առանձնակի կարևորություն ունի մեր հանրության կյանքում, քանզի մարդիկ Ձեզ են վստահում ամենաթանկը՝ իրենց առողջությունը։ Մասնագիտական Ձեր բարձր պատրաստվածությամբ և պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, իսկ նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ ապաքինվում են:
 
Մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ նաև Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակից գործընկերներին։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ռազմական բուժաշխատողներին, ովքեր ինքնամոռաց նվիրված են հայ զինվորի կյանքն ու առողջությունը պահպանելու գործին:
 
Վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է Արցախի Հանրապետության բնակչության առողջության պահպանման գործում: Որպես առողջապահական համակարգի առաջնային պատասխանատու՝ խոստանում եմ շարունակաբար գործադրել բոլոր ջանքերը՝ մեր մեծ ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները միասին հաղթահարելու և մրցունակ ու բարձր արդյունավետությամբ առողջապահություն ունենալու համար։
 
Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում: Խաղաղություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: