չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սերժ Թանկյանն ու Թոնի Այոմին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով համատեղ երգ են թողարկել

Սերժ Թանկյանն ու Թոնի Այոմին Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով համատեղ երգ են թողարկել

System of a Down-ի երգիչ Սերժ Թանկյանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Gibson-ի գործադիր տնօրեն Սեզար Գուեկյանի հետ միասին միավորվել են նոր՝ «Deconstruction» բարեգործական սինգլի համար: Այս մասին գրում է Consequence.net-ը։

Ստացված հասույթը կտրամադրվի «Հայաստան» հիմնադրամի «Արցախի փախստականների նախաձեռնությանը»:

Կայքի փոխանցմաբ՝ արտիստները երգը ձայնագրել են The Gibson Band խմբի կազմում, որը, պարբերաբար, կներկայացնի երաժիշտների, որոնք կհամագործակցեն ի նպաստ տարբեր բարեգործական նպատակների:

Ե՛վ Թանկյանը, ե՛ւ Գուեկյանը ծագումով հայ են․ Թանկյանը բազմիցս բարձրաձայնել է Հայաստանի խնդիրների մասին, ինչպես System of a Down-ի հետ համագործակցությամբ, այնպես էլ անհատապես։

«Իմ լավ ընկերոջ՝ Սեզար Գուեկյանի եւ Թոնի Այոմիի հետ համագործակցությունն ինձ համար երազանք էր»,-ասել է Թանկյանը,-«Ուրախ եմ, որ մենք օգտագործում ենք մեր հարթակը նման մեծ բարեգործության համար: Ճիշտ մտադրություններով երաժշտությունը կարող է ոգեշնչել եւ դրական փոփոխություններ ստեղծել»:

Այոմին հավելել է. «Հիանալի էր Սերժի հետ կրկին համագործակցելն ու Սեզարի հետ համատեղ երգ թողարկելը։ Հայերն, իսկապես, հիանալի ժողովուրդ են, եւ ես շատ ուրախ եմ նման գործում ներգրավված լինելու համար»:

Երգից բացի, աճուրդի է հանվում Թանկյանի «Մեր սարերը» վերնագրով բնօրինակ նկարը, ինչպես նաեւ 2023 թվականի Les Paul Standard կիթառը, որը զարդարված է նշված կտավի պատկերով: Երկու իրերի համար էլ սակարկություններ կարող են կատարվել Julien’s Auctions-ում:

  • Կիսվել: