ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
«Սերունդ» հիմնադրամի ծրագրով Արցախի սահմանամերձ երկու համայնքների նորածինների մայրերին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

«Սերունդ» հիմնադրամի ծրագրով Արցախի սահմանամերձ երկու համայնքների նորածինների մայրերին ֆինանսական աջակցություն կցուցաբերվի

Ծնելիության խթանմանը նպաստելու նպատակով «Սերունդ» համահայկական հիմնադրամը մեկնարկել է ծրագիր Արցախի սահմանամերձ Չարեքտար և Եղցահող համայնքների նոր ծնված երեխաների մայրերին ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն ցուցաբերելու համար:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Սերունդ» հիմնադրամի համահիմնադիր Գրիգոր Աբրահամյանը՝ հավելելով, որ նշված համայնքներում արդեն երեք ընտանիք սպասում է երեխայի ծննդին:

«Երեխաների ծնվելուց հետո այդ ընտանիքները՝ տվյալ դեպքում երեխաների մայրերը կդառնան ծրագրի շահառու և կստանան ամսական 50000-ական դրամ՝ 16 տարի 8 ամիս շարունակ: Հիմնադրամի աջակցության ծրագրի շահառու կդառնան նաև այս գյուղերում բոլոր նոր ծնվող երեխաների մայրերը»,- մանրամասնել է մեր զրուցակիցը, և ավելացրել, որ աջակցության ծրագրի նվիրաբերողների թվի աճին զուգահեռ կներգրավվեն նոր գյուղեր:

Հիմնադրամի համահիմնադրի տեղեկատվությամբ նվիրատվություն կարող է կատարել յուրաքանչյուրը, այցելելով serund.am կայք:

«Հիմնադրամը նպատակ է դրել ստեղծել ամենամսյա նվիրաբերողների համայնք: Հատկանշական է, որ հիմնադրամի բոլոր ադմինիստրատիվ ծախսերը հոգում ենք հիմնադրամի կառավարմանը միացած մասնակիցների միջոցներով և յուրաքանչյուր նվիրաբերություն ուղղվում է միայն ու միայն շահառուներին»,- ասել է Գ. Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հիմնադրամի կայքում շուրջօրյա ռեժիմով ներկայացված է նվիրատվության չափի և ցանկացած ֆինանսական տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվություն:

  • Կիսվել: