ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեպտեմբերի 19-ին զանգել եմ Սամվել Շահրամանյանին և խնդրել պատասխանատվությունը թողնել Սամվել Բաբայանի վրա. Խանումյան

Սեպտեմբերի 19-ին զանգել եմ Սամվել Շահրամանյանին և խնդրել պատասխանատվությունը թողնել Սամվել Բաբայանի վրա. Խանումյան

Արցախի իշխանություններին, որոնք հայտարարում էին, որ ռուսների միջնորդությամբ է պետք բանակցել, Ադրբեջանն ընկալում էր որպես գործակալներ և այդ մարդկանց հետ չէր ուզում շփվել, քանի որ համարում էր, որ նրանք ուրիշ երկրի շահերն են սպասարկում, ուրիշ երկրի ասածով են շարժվում։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես հենց սեպտեմբերի 19-ին՝ պատերազմի օրը, երեկոյան զանգեցի Սամվել Շահրամանյանին և խնդրեցի, որ պատասխանատվությունը թողնի Սամվել Բաբայանի վրա, ով պատրաստ էր այդ պահին ստանձնել: Ասացի, որ իրեն ադրբեջանցիներն ընդունում են որպես գործակալի, առանց նեղանալու, և դրա համար դաժանորեն պատժելու են։

Սեպտեմբերի ութի երեկոյան Սամվել Բաբայանին հրավիրում են Ազգային ժողով։ Ես զանգում եմ, հարցնում՝ ինչ եք խոսել, ասում է, որ իր առջև դրել են, որ Ադրբեջանը վերջնագիր է դրել, որ եթե ընտրություն տեղի ունենա, ու Սամվել Շահրամանյանն ընտրվի, որը միակ թեկնածուն էր, ապա ՛՛հակաահաբեկչական օպերացիա՛՛ են սկսելու՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե այդ ամենն ուղիղ են ասել, Խանումյանը արձագանքեց․ ՛՛Ուղիղ ասել են, և այդ ամենը խորհրդարանական ուժերի կողմից փոխանցվել է Սամվել Բաբայանին։ Հանդիպմանը ներկա էին Դավիթ Իշխանյանը, ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խորհրդարանական խմբակցություններ ձևավորած քաղաքական ուժերի ղեկավարներ Աշոտ Ղուլյանը, Հակոբ Հակոբյանը, Արթուր Մոսիյանը։ Այդ մարդկանց ներկայությամբ այդ ամենն ասվել է, այդ թվում՝ Ադրբեջանի վերջնագրի մասին։ Բայց ասել են՝ մենք վերցնում ենք պատասխանատվություն, անում ենք ընտրություններ, խնդրում ենք՝ դուք ցույց մի արեք՛՛:

Ճշտող հարցին՝ արդյոք նրանք կարծու՞մ էին, որ ՌԴ-ն օգնելու է, Հայկ Խանումյանը պատասխանեց․ ՛՛Այո՛, իրենք հավատացած էին, որ Ռուսաստանը ճանապարհները բացելու է, թեկուզ Աղդամի միջով, և իրենք կարողանալու են այդ խնդիրները լուծել։ Եվ մինչև վերջ էլ, կարծում եմ, համոզված էին, որ Ռուսաստանն իրենց կօգնի. և իրենք կհայտնվեն Երևանում, այլ ոչ թե Բաքվում՛՛:

  • Կիսվել: