շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սարուշենում պատրաստվում են թթի բերքահավաքին. համայնքապետ

Սարուշենում պատրաստվում են թթի բերքահավաքին. համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում այս օրերին գյուղատնտեսական եռուզեռ է. պատրաստվում են թթի բերքահավաքին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սարուշենի համայնքապետ Կարեն Գասպարյանը:
 
«Համայնքը 17 հեկտար թթայգի ունի: Մի քանի օրից գյուղացիները կսկսեն թթի բերքահավաքը, իսկ ստացված բերքից  օղի կպատրաստեն: Շուտով կմեկնարկի նաև խոտհարքը, ինչպես նաև 108 հա գարու, 90 հա ցորենի և 4 հա կորնգանի բերքահավաքը: ԿԽՄԿ-ի կողմից համայնքի շուրջ 35 ընտանիքի տրամադրվել են ջերմոցներ: Նրանք էլ ջեմոցային տնտեսությամբ են զբաղվում, մշակում են լոլիկ, վարունգ,  կանաչեղեն և բանջարեղենի այլ  տեսակներ»,-նշել է Կ. Գասպարյանը: Համայնքապետի խոսքով՝ ընթացքում են բուժկետի վերանորոգման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիս ամսվա վերջին:
 
«Համայնքում բնականոն գործում են համայնքապետարանը, հանդիսությունների սրահը և մանկապարտեզը, որն ունի 21 սան: Դպրոցում, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում հայրենասիրական գափարներով կրթությանն  ու դաստիարակությանը, գալիք ուսումնական տարում ուսանելու է 47 աշակերտ»,-ասել է մեր զրուցակիցը: Նրա տեղեկացմամբ՝ պատերազմից հետո  Շուշի քաղաքից տեղահանված մեկ ընտանիք է հաստատվել գյուղում՝ հինգ բնակչով:
 
«Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ, շուրջօրյա ջրամատակարարմամբ:  Առկա խնդիրներից բնակիչները չեն ընկճվում, հակառակը՝ շարունակում են արարել հայրենի հողում՝ շենացնելով հայրենիքը»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
 

  • Կիսվել: