ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի Սահմանադրության նախագիծը հետ են ուղարկել լրամշակման․ «Հրապարակ»

Արցախի Սահմանադրության նախագիծը հետ են ուղարկել լրամշակման․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրությունը հետ են ուղարկել լրամշակման Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ նախագահին է վերադարձրել Սահմանադրության նախագիծը։ Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նման որոշման պատճառ են հանդիսացել տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը «կարող է ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»: «Հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ՝ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ»:

Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է բացասական արձագանքների պատճառը, եւ ի՞նչ արձագանքներ են։ Տեղեկացանք, որ ԱԺ ուղարկված նախագծում ԱՀ օրենսդիրները փոփոխություն են առաջարկել Սահմանադրության 162-րդ հոդվածի առաջին մասում, որպեսզի միայն հանրաքվեով փոփոխության ենթարկվող գլուխներն ու հոդվածները փոփոխելու հնարավորությունն ընձեռվի Ազգային ժողովին։

Դիցուք՝ 1-3-րդ գլուխները, համաձայն որոնց՝ «Արցախի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: 2. Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: 3. Իշխանության յուրացումը հանցագործություն է» եւ այլն: Մեզ ասացին, որ նման փոփոխությունը բխում է ներկա իրավիճակից, քանի որ Արցախում 44-օրյա պատերազմից հետո ընտրություններ եւ հանրաքվեներ կազմակերպելը դժվար է։ Ուշագրավ է, որ ընդդիմության փոփոխած նախագիծը ներկայացվել էր ԱՀ Գերագույն դատարան: Դատարանի 17.11.2022թ. որոշմամբ նախագիծը ճանաչվել էր ԱՀ Սահմանադրությանը համապատասխանող։

Սակայն նախագիծն առաջին ընթերցում անցնելուց և Գերագույն դատարանի կողմից հաստատվելուց հետո սկսել են քննադատել այն, որ նոր նախագծով ժողովրդին զրկում են որոշումներ կայացնելու հնարավորությունից, սահմանափակում են հանրաքվեների միջոցով իր կամքն արտահայտելու իրավունքը: Ապա դատախազն ու ՄԻՊ- ն են եզրակացություններ ներկայացրել, որ ԱԺ լիազորությունները խիստ ավելացվել են, ժողովրդի որոշելիք հարցերը` կրճատվել: Եվ Արայիկ Հարությունյանը որոշել է վերջին պահին հետ կանչել Սահմանադրությունը` շտկելու այս խնդիրներր: Սա նշանակում է, որ նախապես ծրագրված ժամկետում հանրաքվե չի անցկացվի և Սահմանադրության նախագիծը սկսելու են գրել զրոյից, ինչը կտևի մի քանի ամիս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: