ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը

«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը:

Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է. «Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար:

Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ  և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը  լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր   սահմանին հնչող կրակոցները  չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին, Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

 

  • Կիսվել: