շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. լսումներ ԱՄՆ Կոնգրեսում՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա. լսումներ ԱՄՆ Կոնգրեսում՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

120 հազար էթնիկ հայեր տառապում են Ադրբեջանի կառավարության պատճառով: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի` Թոմ Լանտոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ ասել է հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Այս սարսափելի հանցագործությունը, այս ցեղասպանական հանցագործությունը ծրագրվել և իրականացվում է Ադրբեջանի կառավարության կողմից, ես կասեի՝ նախագահ Ալիևի կողմից, ով ղեկավարում է Ադրբեջանը՝ որպես բռնապետ: Ես Ալիևին հանդիպել եմ երկու անգամ Բաքվում, նրա հետ շատ անկեղծ եմ խոսել իր կառավարության և հենց իր կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների մասին՛՛:

Սմիթը նաև հայտնել է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների առնչությամբ նոր օրինագծի պատրաստման մասին, որի ուղղությամբ հիմա աշխատում են:

Նրանից բացի՝ փորձագիտական կարծիք է ներկայացրել նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որն օգոստոսի 7-ին զեկույց էր ներկայացրել՝ շեշտելով, որ ՛՛կան ողջամիտ հիմքեր՝ հավատալու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում՛՛:

Դիմելով հավաքվածներին՝ նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերն իրենց կարիքն ունեն, և պետք է ՛՛այլևս երբեք՛՛-ն իրականություն դարձնել. նա հիշեցրել է 1915-ի ցեղասպանությունը:

Օկամպոն ասել է. ՛՛Սա ցեղասպանություն է, որը տեղի է ունենում հիմա: Սովորաբար մարդիկ մտածում են, որ ցեղասպանության ժամանակ շատ մարդ պետք է սպանվի, մահանա: Սակայն ցեղասպանության իրականացման տարբեր ձևեր կան: Մի ձևը 0 զոհ է պահանջում, պարզապես պայմաններ ստեղծելով՝ մարդկանց ոչնչացման համար՛՛:

Նա նաև հիշեցրել է, որ դեռ հունվարին Բլինքենը կոչ է արել Ալիևին բացել միջանցքը, սակայն Ալիևը չի լսել: Ալիևը գիտի, որ շրջափակումը մահվան վտանգ է պարունակում, սակայն դա անում է. ՛՛Այս փուլում կասկած չկա, որ ցեղասպանության մտադրություններ կան՛՛:

Խոսելով ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Լուիս Մորենո Օկամպոն նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես Հայաստանը և Ադրբեջանը Ցեղասպանության հանցագործության կանխման կոնվենցիայի մասնակից պետություն են, ինչը ենթադրում է կանխել ու պատժել: Նա ընդգծեց այն հրատապ կերպով կանխելու անհրաժեշտությունը:

Կոլումբիայի համալսարանում Մարդու իրավունքների ուսումնասիրման ինստիտուտի Խաղաղության կառուցման և մարդու իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Ֆիլիպսն էլ շեշտել է՝ Ալիևի և նրա պաշտոնյաների խոսքերը որևէ կասկածի տեղ չեն թողնում նրանց ցեղասպանական մտադրության վերաբերյալ:

  • Կիսվել: