երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սա Արցախի հիմնախնդրի լուծման գործում ՄԱԿ-ի ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Արտակ Բեգլարյան

Սա Արցախի հիմնախնդրի լուծման գործում ՄԱԿ-ի ներգրավման գործընթացի միայն սկիզբն է. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որ դեկտեմբերի 14-ից անժամկետ նստացույց է իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև, ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

«Քիչ առաջ ավարտվեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը:

Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:

Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է: 

Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի վաղը, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ:

Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը»,- նշված է Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:a

  • Կիսվել: