երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Սա ակնհայտ սադրանք է ռուս խաղաղապահների նկատմամբ. Թովմասյանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի գործողությունների վրա

Սա ակնհայտ սադրանք է ռուս խաղաղապահների նկատմամբ. Թովմասյանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի գործողությունների վրա

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով արդեն հարյուրավոր մարդիկ գտնվում են Գորիս-Ստեփանակերտ մայրուղում, որոնց մեջ են նաև մանկահասակ երեխաներ, ում ծնողները վերջիններիս տեղափոխում են հիվանդանոց: Կան բազմաթիվ տարեցներ, որոնք ձմռան ցրտին, գիշերով գտնվում են անորոշ վիճակում... Այս մասին հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը

՛՛Շրջափակված են նաև դեղամիջոցներ տեղափոխող մեքենաները, իսկ ստեղծված իրավիճակը փաստացի չի հանգուցալուծվում։

Հերթական անգամ ականատես ենք լինում թշնամական կեցվածք որդեգրած, ագրեսիվ հռետորաբանությամբ հանդես եկող, խաղաղասիրական քողի տակ թաքնված ադրբեջանցու կերպարին, ով ամեն կերպ փորձում է Արցախի Հանրապետության 120 հազարից ավել էթնիկ հայ բնակչության մեջ վախի մթնոլորտ ստեղծել։

Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այս իրողության վրա, որ Ադրբեջանը, չիրականացնելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, ակնհայտ սադրանքի ենթարկելով շփման գծում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին, սույն քայլով ևս մեկ անգամ փաստում է իր՝ իբրև միջազգային իրավունքի սուբյեկտի ոչ լիարժեքությունը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ անարգանքը: Փաստացի միակ կենսական միջանցքը չի գործում:

Սա ակնհայտ սադրանք է ռուս խաղաղապահների նկատմամբ:

Կապի մեջ եմ նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության հետ. այնտեղից տեղեկացրել են, որ Պուտին-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել խնդրին։ Այն քննարկվել է նաեւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ժամանակ:

Ադրբեջանը պետք է րոպե առաջ բացի միակ կենսական ավտոճանապարհը դեպի Արցախ՝ ապահովելով նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի կետերի կենսունակությունը՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: