հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի փախստականներին

Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի փախստականներին

Նոյեմբերի 22-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 40 տոննա մարդասիրական բեռով։

Մարդասիրական օգնությունը կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Օգնությունն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության հանձնարարությամբ։ Օգնությունը ներառում է սննդամթերք, ծածկոցներ և շարժական էլեկտրակայաններ:


Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վկայությամբ, 40 տոննա մարդասիրական բեռի մեջ ներառված են այն ապրանքները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում Լեռնային Ղարաբաղից հարկադիր վերաբնակված անձանց համար։

«Այսինքն այն, ինչ նշել էր ՀՀ կառավարությունը։ Այդ ցուցակի հիման վրա էլ պատրաստվել է մարդասիրական օգնությունը, որը ներառում է շարժական էլեկտրակայաններ և սննդամթերք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կոպիրկինը։

Օգնության առաքումը դիվանագետը դիտարկում է որպես Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համերաշխության խորհրդանշան այս շատ բարդ ժամանակաշրջանում, որն ապրում է հայ ժողովուրդը և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները։

Դեսպանն ընդգծել է, որ բացի այս խմբաքանակից, տարբեր ուղիներով, այդ թվում՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» միջոցով օգնություն են հատկացրել նաև Ռուսաստանի Դաշնության հասարակական կազմակերպությունները և բարեգործական հիմնադրամները։

«Համոզված եմ, որ սա կշարունակվի՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ հարկադիր տեղահանվածների առջև ծառացած խնդիրները լուծվեն։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, նրանց վիճակը թեթևացնելու և նրանց առջև ծառացած դժվարին խնդիրները լուծելու համար, կանենք», - ընդգծել է Կոպիրկինը։

Ռուսաստանի և ռուսաստանյան հասարակության համար, ինչպես նշել է դիվանագետը, սա շատ կարևոր է։

«Ռուսաստանյան կողմն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է, և սրանք միայն խոսքեր չեն։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ»,- եզրափակել է Կոպիրկինը։

Նյութը՝ news.am-ի:

  • Կիսվել: