երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ռուսաստանը եւ Լեռնային Ղարաբաղը փոխադարձաբար կարող են կորցնել տարածաշրջանում վերջին գոյաբանական հենակետը. Մ. Պետրոսյան

Ռուսաստանը եւ Լեռնային Ղարաբաղը փոխադարձաբար կարող են կորցնել տարածաշրջանում վերջին գոյաբանական հենակետը. Մ. Պետրոսյան

Չնայած Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր կեցության, սոցիալ-տնտեսական, բարոյական բաղադրիչի անվտանգությունը շաղկապում է Հայաստան-Արցախ-Սփյուռք համակարգին, այնուամենայնիվ, ռազմաքաղաքական կայունության հեռանկարն օբյեկտիվորեն դիտարկվում է առավելապես Ռուսաստանի Դաշնության ներքո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:

«Անկախ եւ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստն է: Իր ժողովրդին ցեղասպանությունից, պատերազմի հանցագործություններից, էթնիկ զտումներից պաշտպանելու միջազգայնորեն երաշխավորված պարտականությունը ժողովրդավարական ընթացակարգերով ընտրված Արցախի իշխանությանն է: Միջազգային հանրությունը պետք է օգնի Արցախին իրացնելու այս պարտականությունը:: Մի կողմից առկա է ընդգծված ռուսամետ տրամադրություններով բացարձակ մեծամասնություն եւ իշխանություն, մյուս կողմից՝ Ռուսաստանի Դաշնության՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկզբունքային դիրքորոշման ընդգծված զգուշավորություն: Հայաստան-Արցախ խաղաղութան համաձայնագրով Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության դիրքավորումները վկայում են, որ զարգացումների նմանօրինակ տեմպը եւ բովանդակությունը կարող են չեզոքացնել ռուսական ազդեցությունը, ինչը մեզ ձեռնտու չէ: Արդյունքում Ռուսաստանը եւ Լեռնային Ղարաբաղը փոխադարձաբար կարող են կորցնել տարածաշրջանում վերջին գոյաբանական հենակետը: Ռուսաստանի Դաշնության հետ ուղիղ երկխոսությամբ կարելի է եւ պետք է սահմանել հնարավոր գործակցության հստակ ուղենիշներ: Մենք պարտավոր ենք սթափ կշռադատել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի անվտանգային շահերը, ոչ թե դրանք իսպաս դնել մեր իսկ շահերը շրջանցող երկրներին: Այս ճակատագրական փուլում Հայաստանի իշխանության հետ ունեցած անբնական հարաբերությունների պատճառաբանությամբ Մայր Հայաստանին թիրախավորելու, օտար շահերին ստորադասելու, Արցախը հակահայաստանյան օջախ դարձնելու փորձերը միանգամայն մերժելի են: Արցախի երաշխիքը Արցախում ապրող հայն է: Արցախի ինքնության բացարձակ երաշխավորը Մայր Հայաստանն է: Արցախի անվտանգության շոշափելի երաշխիքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունն է»,- ասաց Պետրոսյանը:

  • Կիսվել: