կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների երաշխիքներով որևէ արցախցի չի վերադառնա. Արտակ Բեգլարյան

Ռուս խաղաղապահների երաշխիքներով որևէ արցախցի չի վերադառնա. Արտակ Բեգլարյան

Ռուս խաղաղապահների երաշխիքներով որևէ արցախցի չի վերադառնա, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Կա՞ հայրենիք վերադառնալու որևէ իրատեսական տարբերակ, որովհետև եթե Ալիևին լսենք՝ «այսօր էլ թող գան, բայց որպես Ադրբեջանի քաղաքացի»:

Բեգլարյան. - Ըստ միջազգային իրավունքի ու պրակտիկայի, որևէ մեկը չի կարող քաղաքացիություն պարտադրել որպես վերադարձի պայման: Այսինքն՝ մենք անկախ մեր քաղաքացիությունից վերադարձի իրավունքը պահպանում ենք ու կարող ենք լինել մեր հայրենիքում առանց որևէ քաղաքացիության: Սա սկզբունքային հարց է, ու այստեղ էլ իրենց հստակ թակարդն է, այսպես ասած, որ ասում են՝ Ադրբեջանի քաղաքացի դառնան: Իրատեսական հեռանկար այս պահի դրությամբ չկա, ու բոլորս պետք է անկեղծորեն դա ընդունենք, որովհետև Ադրբեջանը ուժեղ է, ագրեսիվ է, Հայաստանը թույլ, է, պլյուս Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը շատ անհամապատասխան է: Իրենց դիրքորոշումն այն է, որ իրենք Արցախի հարցով ընդհանրապես չեն զբաղվում, այդ թվում՝ վերադարձի հարցը չեն դնում և այլն, թեև պետք է անեին՝ ըստ բոլոր հնարավոր տրամաբանության: Բացի դրանից միջազգային իրավակարգն ու աշխարհակարգը շատ լուրջ ճեղքում է ապրել և փլուզվել է ու հետևաբար այս պահի դրությամբ միջազգային գործուն ճնշում Ադրբեջանի վրա մենք չենք տեսնում ու դրա հեռանկարը դեռևս չկա, ու Ադրբեջանը հմտորեն խաղում է ռուս-արևմտյան հակամարտության վրա ու նաև օգտագործում է թուրքական գործոնն այն դեպքերում, երբ ինքը չի կարողանում գլուխ հանել:

Ես կարծում եմ՝ Արցախ վերադարձի երկարաժամկետ ռազմավարական հեռանկար, այո, առկա է, և հիմա մեր անելիքը պետք է լինի, որ երկարաժամկետ ռազմավարական պայքարով պետք է առաջ գնանք, կոնկրետ ուղղություններ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ արդյունքներ գրանցելով ու մեր իրավունքները այս պահին և՛ ամրագրելով, և՛ հետևողական կերպով պաշտպանելով: Սակայն ամենակարևորն ինձ համար այն է, որ Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական դիրքորոշումը պետք է սկզբունքորեն փոխվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

  • Կիսվել: