Ռուբեն Վարդանյանը միջնորդել է դատարան հրավիրել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին
Նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով հարուցված կեղծ դատական նիստը՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան Էմիլ Բաբիշևը ներկայացրել է միջնորդություն։ Նա նշել է, որ նախորդ նիստերին Վարդանյանն ու նրա նախկին փաստաբանը մի շարք միջնորդություններ էին ներկայացրել դատարան, սակայն այդ միջնորդությունների վերաբերյալ դատարանի որոշումների պատճենները պաշտպանական կողմին ամբողջությամբ չեն տրամադրվել։ Փաստաբանը խնդրել է դատարանին տրամադրել այդ որոշումների ամբողջական պատճենները։
Դատավոր Զ. Աղաևն ասել է, որ մինչ այժմ պաշտպանության կողմին տրամադրվել են անհրաժեշտ պատճենները, և այդ իրավունքը նա կարող է շարունակել օգտագործել նաև հետագայում։ Այնուհետև Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է նոր միջնորդություն՝ խնդրելով դատարան հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա առնչվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկին՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու մասին հոդվածին։ Վարդանյանի պաշտպան Է. Բաբիշևը միացել է միջնորդությանը, սակայն դատարանը որոշել է միջնորդությունը թողնել առանց քննության։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր իր փաստաբանից, քանի որ պնդում է, որ բացակայում են փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանները:
Հաջորդ կեղծ դատական նիստը կանցկացվի նոյեմբերի 18-ին։


