չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ռուբեն Վարդանյանի հայրենասիրական ոգին թույլ կտա կանգնել արցախցու կողքին ու պայքարել․ Սեյրան Օհանյան

Ռուբեն Վարդանյանի հայրենասիրական ոգին թույլ կտա կանգնել արցախցու կողքին ու պայքարել․ Սեյրան Օհանյան

Եվ Հայաստանի, եւ Արցախի ռազմաքաղաքական ու անվտանգային միջավայրը շատ բարդ է, եւ այդ իրավիճակում Արցախը, արցախցին եւ պայքարող հայը Ստեփանակերտի հանրահավաքի ժամանակ ցույց տվեցին, որ անկոտրում են, շարունակելու են պայքարել իրենց հայրենիքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այստեղ ես ուզում եմ բարձր գնահատել Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը, շատ մարդիկ շատ բաներ են խոսում, բայց նրա հայրենասիրական ոգին, աշխատանքի փորձը, կառավարման ունակությունները, նաեւ բարեգործական ունակությունները թույլ կտան, որ կանգնի արցախցու կողքին եւ շարունակի պայքարը:

Ռուբեն վարդանյանն իր ելույթում ասաց, որ երեք տարբերակ կա՝ կամ հայտնվել Ադրբեջանի կազմում, այն ինչը ՀՀ իշխանություններն են ուզում, եւ դա մեր ժողովրդի համար անընդունելի է: Երկրորդ տարբերակը՝ թողնել, դուրս գալ: Նույնիսկ եթե ճանապարհը բաց լինի, արցախցիները դրան դեմ են: Մնում է երրորդ տարբերակը՝ պայքարել: Իսկ պայքարի մեջ մենք իրավունք չունենք արցախցուն մենակ թողնելու: ՀՀ իշխանություններն այսօր կարծես թողել են միայնակ, չնայած պարբերաբար խոսում են, թե ինչ պետք է , Արցախին հատկացնում են: Շատերը վերլուծություններում նշում են, որ եթե արցախցին իր ըմբոստությունը ցուցաբերի ՀՀ իշխանություններին, կկտրեն բոլոր օգնությունները: Ուզում եմ ասել արցախցիներին, որ պայքարը միակ ճանապարհն է, որ պետք է իրականացվի:  Ոչ ոք իրավունք չունի կտրել արցախցուն այդ օգնություններից: Այսօրվա իշխանություններն իրենց գրպանից չեն տալիս այդ օգնությունները, դա տալիս են ՀՀ  քաղաքացու մուծված հարկերից»,-ասաց Օհանյանը:

Անդրադառնալով Ստեփանակերտի հանրահավաքին, նա ընդգծեց, որ դրա գլխավոր մեսիջն այն էր, որ արցախցիներն անկոտրում են եւ պայքարելու են. «Երկրորդ, եթե ՀՀ իշխանությունները հասկանան, որ իրենք պարտավոր են Արցախի անվտանգության ապահովման, նրա կայուն զարգացման  երաշխավորը լինելը շարունակել,  միանշանակ արցախցու համար ավելի դյուրին կլինի իր պայքարը շարունակելու: Եվ երրորդը, իհարկե, միջազգային հանրությանն է ուղղված, որը պետք է համապատասխան հետեւություններ անի, տեսնի, թե ինչ աղետալի իրավիճակում է գտնվում այսօր Արցախը: Արցախն ինքնորոշվել է իր պատմական տարածքում: Չպետք է վախենալ «ինքնորոշում» բառից, «Արցախի Հանրապետություն» արտահայտությունից: Ցավոք, այսօր ՀՀ իշխանությունները իրենց ձեռքերը լվացել են Արցախից»:

  • Կիսվել: