հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քայլերթով Ստեփանակերտի օդանավակայան հասած արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատարի հետ

Քայլերթով Ստեփանակերտի օդանավակայան հասած արցախցիները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատարի հետ

Բազմաթիվ արցախցիներ Ստեփանակերտից քայլերթով հասել են օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպման և 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կատարելու պահանջով:

Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ակցիայի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանը նշեց, որ քայլերթը ցույց է տալիս պայքարելու իրենց վճռականությունն ու պահանջատիրությունը:

«Մեր ժողովուրդն իր ընտանիքներով, երեխաներով, այդ հայտարարության համաձայն է մնացել Արցախում: Հիմա փաստացի դրա կետերը խախտվում են: Այդ պատճառով մենք եկել ենք ասելու, որ մենք նույնպես մարդ են, ժողովուրդ և ունենք իրավունքներ: Այս ակցիան ոչ միայն Ռուսաստանին է վերաբերում, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհին: Իրեն դեմոկրատական համարող յուրաքանչյուր պետություն պիտի անմիջապես միջոցառումներ ձեռնարկի և Ալիևին բացատրի, որ ժողովրդի հետ նման կերպ չեն վարվում: Այդ ամենը բումերանգի պես հարվածելու է նաև ձեզ»,-նշեց Տ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովն իրենց չընդունի , ապա ակցիայի մասնակից տղամարդիկ մնալու են օդանավակայանի մոտ մինչև չլուծվի Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի բացման հարցը, մինչև չհանդիպեն ու չպահանջեն, որպեսզի հստակորեն Վլադիմիր Պուտինին հասնի Արցախի ժողովրդի ուղերձը:

«Չնայած պաստառներին դիմումներ են ուղղված ՌԴ խաղաղապահներին ու ղեկավարությանը, սակայն ամբողջ աշխարհը ևս թող իմանա, որ սա հանցագործություն է մարդկության դեմ, էթնիկ զտումների սկիզբ, իսկ ամբողջ աշխարհը տեսնում է և լռում»,-շեշտել է ակցիայի նախաձեռնողը:

  • Կիսվել: