ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քանի դեռ Արցախի մուտքը փակ է, պետք է փակ լինի նաև ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը. Արտակ Բեգլարյան

Քանի դեռ Արցախի մուտքը փակ է, պետք է փակ լինի նաև ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը. Արտակ Բեգլարյան

Այս պահին որևէ դրական առաջընթաց չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմի հետ տարվող բանակցությունների ընթացքին:

Նա պարզաբանեց, որ իրավասու չէ ներկայացնել բանակցությունների մանրամասները։ Անցած տարվանից ռուս խաղաղապահների հետ հաղորդակցության համակարգումն իրականացնում է Ղարաբաղի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նրա խոսքով՝ հենց Բալասանյանն է հիմնական կոնտակտային անձը, բայց անհրաժեշտության դեպքում այլ պաշտոնյաներ կոնկրետ թեմաներով կապ են հաստատում խաղաղապահների հետ։

Արտակ Բեգլարյանը, որը երեկվանից նստացույց է սկսել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ, հայտնեց, որ իրեն տասնյակ մարդիկ են միացել: Նա հայտնեց, որ գիշերը ՄԱԿ-ի գրասենյակից միայն հայ աշխատակիցներ են մոտեցել իրեն՝ ճշտելով, թե ինչի կարիք կա՝ ջուր թեյ և այլն, բայց պաշոտանապես, նրա խոսքով, ՄԱԿ-ի ղեկավար  կազմից արձագանք չի եղել:

«Նստացույցի մեկնարկի մասին հայտարարելուց հետո ինձ մոտեցավ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը եւ աջակցություն հայտնեց, մոտեցան նաեւ իշխող կուսակցության եւ ընդդիմության պատգամավորները։ Ինչպես ավելի վաղ ասել էի, Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել են իրենց առաջարկները, բայց մանրամասներ չեմ կարող ներկայացնել, քանի որ հանդիպումը փակ ռեժիմով է ընթացել։ Օմբուդսմենները եւ երկու հանրապետությունների ԱԳՆ ներկայացուցիչները կապի մեջ են»,-հավելեց նա։

«Նստացույցը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ճանապարհն ամբողջությամբ բացվի: Չեմ բացառում, որ նստացույցից բացի այլ բողոքի ձևեր ևս կկիրառեմ, երբեմն՝ շատ ավելի խիստ: Երեկ որոշել ենք փակել ՄԱԿ-ի գրասենյակի բոլոր մուտքերը: Նստել ենք մուտքերի առջև՝ թույլ չտալով մեքենաների ելումուտը: Սա խորհրդանշական է մեզ համար: Քանի դեռ Արցախի մուտքը փակ է, պետք է փակ լինի նաև ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը»,- ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց նաև, որ տարբեր երկրներում Սփյուռքի ներկայացուցիչներն ակցիաներ են պլանավորել:

 

  • Կիսվել: