երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից մշակվող՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը (ամփոփում)

Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության կողմից մշակվող՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը (ամփոփում)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության կողմից մշակվող՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը.

- Կառավարության աջակցությունը տրամադրվելու է երեք հիմնական եղանակով՝ 1. աջակցություն տեղահանված անձանց բնակելի տուն կառուցելու հարցում, 2. աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու հարցում, 3. այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ունենա գնման կամ կառուցելու հնարավորություն, կապահովվեն սոցիալական բնակարններով։

- Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ 10 տարի տվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի վճարումներ կատարելու դեպքում այդ գույքը կանցնի նրանց սեփականությանը։

- Մեկ անձի հաշվով աջակցության չափը նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։ Որոշակի բնակավայրերում (ցանկը կսահմանվի եւ կհրապարակվի առաջիկայում) տուն գնելու կամ կառուցելու դեպքում շահառուները կստանան հավելյալ աջակցություն։

- Անչափահաս անձանց համար տրվող պետական աջակցությունը կլինի անվերադարձ, այսինքն նրանք չեն ունենա հետագա վճարումների որևէ պարտավորություն։ Ընտանիքի չափահաս անդամների համար տրվող պետական աջակցությունը պետք է վերադարձվի, բայց ոչ աջակցության առաջին օրից սկսած, այլ գույքը ձեռք բերելուց որոշակի ժամանակ հետո։ Կենսաթոշակառուների եւ սոցիալապես խոցելի այլ անձանց համար կարող են սահմանվել հատուցման ենթակա գումարների նվազեցման արտոնություններ։ Չափահաս անձանց համար սահմանված վճարումները կատարելուց հետո ընտանիքը կստանա սեփականության իրավունք և կկարողանա առանց սահմանափակումների տնօրինել գույքը։

- Ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում: Առաջին փուլում աջակցություն կստանան 3 և ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Կարող են սահմանվել նաեւ առաջնահերթության այլ չափորփշիչներ։ Երկրորդ եւ հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու եւ մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։

- Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր այս ընթացքում սպասելու են աջակցություն ստանալու իրենց հերթին՝ այդ ժամանակահատվածում կեցության (վարձակալության) ծախսերի մի մասը հատուցելու միջոցով: Այս աջակցությունը կշարունակվի ապրիլ ամսից՝ փոխարինելով 40+10 հազարական դրամ կեցության ծախսերի աջակցության ծրագրին։ Ապրիլից շարունակվող աջակցությունը կտրվի անչափահաս երեխաներին՝ յուրաքանչյուրին ամսական 50 հազար դրամ չափով, ինչպես նաեւ կենսաթոշակառուներին եւ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ ամսական 20 հազար դրամ չափով։

- Նախատեսվում է բնակարանային մատչելիության պետական աջակցություն տրամադրել թվով 25 հազարը գերազանցող ընտանիքների։

- Ծրագրի շահառու են լինելու ինչպես 2023թ-ի սեպտեմբերից հետո, այնպես էլ 2020թ. 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ԼՂ բռնի տեղահանվածները։

  • Կիսվել: