հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ ժողովուրդը 100% չի արձագանքում և զգում Արցախին պատուհասած իրավիճակը. Ռուբեն Վարդանյան

Հայ ժողովուրդը 100% չի արձագանքում և զգում Արցախին պատուհասած իրավիճակը. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ մենք ամբողջապես չենք զգում Արցախում կատարվող իրադարձությունների կարեւորությունը: Այս մասին նա ասել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում՝ խոսելով այն մասին, թե արդյոք դժգոհություններ ունի՞ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերից ստեղծված իրավիճակում:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իմ կողմից անհանգստությունը կամ դժգոհության ինչ-որ էմոցիան գալիս է նրանից, որ սա ամբողջ հայության ամենակարեւոր, պատմական իրավիճակներից մեկն է, որը մենք չենք զգում ու չենք արձագանքում այն ուժով, որ մենք պետք է անեինք: Որովհետեւ զգաստությունը, այդ զգացողությունը, որ սա կարող է մեր պատմական կարեւոր սխալը լինի, եթե մենք այսպես հանգիստ, կամ ոչ հանգիստ, բայց մինչեւ վերջ չպայքարելով, կամ ավելի ճիշտ՝ 100 տոկոսով չենք պայքարում Արցախի համար... Դա չի նշանակում, որ 0 է, ուղղակի 100 տոկոս մենք չենք զգում այդ կարեւորությունը` ինչ է կատարվում Արցախում, եւ ինչու է Արցախի ապագան ազդելու եւ՛ Հայաստանի, եւ՛ հայկական աշխարհի վրա: Մի մասի մոտ անտարբերություն կա, բայց ես կրկին ուզում եմ  նշեմ, որ Արցախը համահայկական խնդիր է, եթե մենք կորցնենք Արցախը, մենք կկորցնենք մեր ամենակարեւոր արմատներից մեկը, որը շատ կարեւոր է՛՛:

Անդրադառնալով իր հասցեին Ադրբեջանի ԱԳ նախարարի քննադատությանը, որ իբր ինքը չի թողնում, որ արցախցիները ՛՛վերաինտեգրվեն՛՛ Ադրբեջանին՝ պետնախարարը նշել է, որ ինքն այս կապակցությամբ ուրիշ տեսակետ ունի, եւ արցախցիները պետք է բոլորը միասին որոշեն, որ պայքարում են եւ պայքարեն:

՛՛Պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջեւ, ազնիվ ասենք մեր որոշումը եւ փորձենք իրականացնել, որովհետեւ այդ կիսասուտը, կիսաճիշտը, կիսախոսքը բերում է ամենածանր բանին, որ մարդիկ կորցնում են իրենց հավատը դեպի ղեկավարություն, դեպի առաջնորդները: Որոշումները պետք է հստակ լինեն եւ պետք է իրականացվեն, եւ մարդիկ պետք է վստահ լինեն, որ այդ որոշումների տակ չկա 2-րդ, 3-րդ շերտ, եւ իրենց անձնական խնդիրները չեն լուծում՛՛,-ասել է նա:

Նշենք, որ արդեն 18 օր է՝ ադրբեջանցի այսպես կոչված ՛՛բնապահպանները՛՛ փակ են պահում Բերձորի միջանցքը` շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:

  • Կիսվել: