շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասի վերաբերյալ տեղեկանքներ են տրամադրվել 535 հարկ վճարողների. ԱՀ ՊԵԿ

Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասի վերաբերյալ տեղեկանքներ են տրամադրվել 535 հարկ վճարողների. ԱՀ ՊԵԿ

Պատերազմական գործողությունների հետևանքով կրած նյութական վնասի չափի վերաբերյալ ընթացիկ տարվա նոյեմբերի կեսի դրությամբ, ընդհանուր առմամբ, տեղեկանքներ են տրամադրվել 535 հարկ վճարողների։

Այս մասին «Արցախպրես» -ին տեղեկացրեցին ԱՀ պետական եկամուտների կոմիտեից` հավելելով, որ, ԱՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 19-ի N 336-Ա և հունիսի 3-ի N 579-Ն որոշումների համաձայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին կրած նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկանքները սկսել է տրամադրել հունիս ամսվանից։ Միջոցառման մեկնարկից սկսած` ըստ տրամադրված տեղեկանքների` հաշվարկվել է ավելի քան 3 մլրդ 614 մլն դրամ ընդհանուր գումարի նյութական վնաս, այդ թվում՝ 480 տեղեկանք՝ 3 մլրդ 214 մլն դրամ գումարի չափով, Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքում գործունեություն իրականացրած հարկ վճարողներին, 55 տեղեկանք՝ 400 մլն դրամ գումարի չափով, Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքում գործունեություն իրականացրած՝ պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած հարկ վճարողներին:

Մերժվել են հարկ վճարողների կողմից ներկայացված 71 դիմումներ: Նշենք, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքում գործունեություն իրականացրած հարկ վճարողներին տեղեկանքները տրամադրվում են կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա՝ ելնելով հարկ վճարողների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ցուցանիշներից, իսկ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքում գործունեություն իրականացրած հարկ վճարողներին տեղեկանքները տրամադրվում են գույքի լրիվ կամ մասնակի վնասվածությունը հաստատող նյութերի (լուսանկարներ, տեսանյութեր, իրավասու պետական մարմինների մասնակցությամբ կազմված ակտեր կամ այդ մարմինների կողմից տրամադրված տեղեկանքներ և այլն) հիման վրա՝ ըստ անհրաժեշտության` տեղում կատարելով ուսումնասիրություններ:

  • Կիսվել: