երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը կրկին փակելու առնչությամբ

Պաշտոնական Ստեփանակերտը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը կրկին փակելու առնչությամբ

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ օրերս «բնապահպան» ադրբեջանցիները դարձյալ փակել էին միջանցքը Քարին տակ գյուղի հատվածում՝ բողոքելով Կաշենի հանքավայրի շահագործման դեմ։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ադրբեջանցի «էկոլոգները» ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձել էին գնալ Կաշենի հանքավայր, սակայն նրանց ճանապարհը փակել էին տեղի բնակիչները և հանքափորները։

Հետագայում Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն տարածեց առ այն, որ այցը համաձայնեցված էր ռուս խաղաղապահների հետ, բայց ոչ Արցախի իշխանությունների հետ։ Իսկ արդեն երեկ պաշտոնական Բաքուն նոտա հղեց ՌԴ-ին այն առնչությամբ, որ ռուս խաղաղապահները չեն թույլատրել ադրբեջանցի «էկոլոգներին» մոնիթորինգ իրականացնել Արցախի տարածքում։

 

  • Կիսվել: