չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պարզվել է, թե ինչով է պայմանավորված ադրբեջանցի «էկոլոգների» հետաքրքրությունը Կաշենի նկատմամբ. Բաքուն արդեն հանքը վաճառել է օտարերկրյա ներդրողին

Պարզվել է, թե ինչով է պայմանավորված ադրբեջանցի «էկոլոգների» հետաքրքրությունը Կաշենի նկատմամբ. Բաքուն արդեն հանքը վաճառել է օտարերկրյա ներդրողին

Anglo Asian Mining-ի կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա հուլիսի 5-ին Ադրբեջանի կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով երեք նոր հանքավայրեր կոնցեսիոն պայմանագրի հիման վրա անցել են այս ընկերությանը։ Հանքավայրերի ընդհանուր տարածքը, ըստ ընկերության, 882 քառակուսի կիլոմետր է, գրում է civilnet.am-ը: 

Երեք հանքավայրերից մեկը Կաշենի պղնձի ու մոլիբդենի հանքավայրն է։ Anglo Asian Mining-ն օգտագործում է Կաշենի ադրբեջանական տեղանունը՝ Դեմիրլի և հայտնում, որ 2016-ի հունվարի դրությամբ հանքում եղել 275 000 տոննա պղինձ ու 3 200 տոննա մոլիբդեն։ Բրիտանական ընկերությունը այս թվերը վերցրել է հանքավայրը շահագործող «Բեյզ մեթըլս»-ի հայտնած տվյալներից։

Anglo Asian Mining-ն իր կայքում հանքավայրի տարածքի մասին նաև նշում է՝ ռուս խաղաղապահները ներկայում գտնվում են տարածաշրջանում՝ խաղաղություն ապահովելու համար, իսկ կառավարությունը (Ադրբեջանի) կգործադրի բոլոր խելամիտ ջանքերը, որպեսզի ընկերությունը ֆիզիկապես կարողանա մուտք գործել Կաշենի հանքավայրի տարածք՝ օգտակար հանածոների հետախուզման աշխատանքներ իրականացնելու համար։ Anglo Asian Mining-ը թույլտվություն ունի արդյունահանում իրականացնել նաև Զանգելանի շրջանի ոսկու հանքում, որն ընկերությունն անվանում է Վեժնալիի հանքավայր։

Anglo Asian Mining-ի հիմնական բաժնետերը 28 տոկոսի չափով ծագումով իրանցի Ռեզա Վազիրին է։ Ըստ կայքում տեղադրված կենսագրության՝ Վազիրին Ադրբեջանի անկախությունից ի վեր այնտեղ զբաղվել է բիզնեսով, իսկ դրանից առաջ պաշտոնյա է եղել Իրանում։ «Նա ծառայել է այնպիսի ղեկավարների կողքին, ինչպիսիք են Ջեյմս Բեյքեր Երրորդը, Զբիգնև Բժեզինսկին, Ջոն Սունունուն, Հենրի Քիսինջերը»,- նշված է կայքում։ Ծագումով իրանցի Վազիրին հայտնի է Ալիևների հետ իր մտերմությամբ, քանի որ հայր և որդի Ալիևների կողմից Ադրբեջանում գործող մետաղական հանքավայրերի մի մասը նրան է բաժին հասել։

Կազմակերպված հանցագործության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը ներկայացնելով Վազիրիին՝ նշում է, որ վերջինս Ադրբեջանում իր բիզնեսի սկզբնական տարիներին անհաջողություններ է ունեցել, սակայն ոսկու միջազգային գները օգնել են նրան վերականգնվել։ Բացի այդ, ըստ հետաքննող խմբի, Վազիրին հավակնում էր ձեռք բերել Արևմտյան Ադրբեջանում գտնվող Չովդարի ոսկու հանքավայրը, բայց չի հաջողել, քանի որ հանքի շահագործման լիցենզիայի պայքարին է միացել Իլհամ Ալիևի զավակներին պատկանող ու Պանամայում գրանցված Londex Resources S.A անունով ընկերությունը։ Huffington Post-ը ժամանակին գրել էր Unaoil ընկերության կաշառքների սխեմայի մասին։ Այստեղ Վազիրիի անունը շոշափվում էր որպես մեծ հնարավորությունների տեր անձ, որ ցանկացած պահի կարող էր հանդիպել Ադրբեջանի նավթի նախարարին ու վարչապետին, ստիպել նավթի նախարարին ասել այն, ինչ ինքն է ուզում։

Anglo Asian Mining-ի մյուս բաժնետերը եղել է Ջոն Սունունուն, որը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի Ավագի աշխատակազմի ղեկավարը, մինչ այդ էլ Նյու Հեմփշիրի նահանգապետը։ Սունունուների ընտանիքից այլ անձինք ևս ներգրաված են Anglo Asian Mining-ի կառավարմանը։ Նրա բաժնեմասը հանքարդյունաբերական ընկերությունում 9,3 տոկոս է, ևս 3,5 տոկոս բաժնեմաս ունի Limelight Industrial developments ընկերությունը, որի մասին տվյալներ չկան։

Գործարքը, որ կնքվել է Ադրբեջանի կառավարության ու Anglo Asian Mining-ի միջև, իրականացվել է Dentons գլոբալ իրավաբանական ընկերության խորհրդատվությամբ։ Dentons-ը գրասենյակ ունի Բաքվում։ Բացի ադրբեջանցի իրավաբաններից, այս գործարքին խորհրդատվությամբ օգնել է նաև ֆրանսիացի Ջեյմս Հոգանը, որը Ադրբեջանի պետական հատվածի իրականացրած մի շարք խոշոր գործարքներով հանդես է եկել որպես խորհրդատու՝ ներառյալ Շահ Դենիզ գազի հանքավայրի գործարքների, ադրբեջանական պետական բանկերի բաժնետոմսերի մասնավորեցման հետ կապված և այլն։

«Բեյզ մեթըլս»-ը Արցախի թիվ մեկ հարկատուն է։ «Բեյզ մեթըլս»-ը մտնում է «Վալլեքս» խմբի մեջ, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն է։ «Բեյզ մեթըլս»-ը խնդիրների առաջ կանգնեց 44-օրյա պատերազմից հետո, քանի որ հանքավայրի պոմպակայանը մնացել էր ադրբեջանական զինուժի վերահսկողությա ներքո։ Ավելի ուշ, սակայն, խնդիրը լուծվեց։ «Բեյզ մեթըլս»-ը շահագործում էր նաև Մարտակերտում գտնվող Դրմբոնի ոսկու հանքավայրը։

Կաշենքի հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել էին 2007-ից։ Ինչպես հայտնում է «Վալլեքս»-ը, Կաշենի հանքավայրում իրականացված ներդրումները մոտ 130 մլն դոլար են։ «Բեյզ մեթըլս»-ը 2021-ի տարեկան արդյունքներով Արցախի բյուջե է վճարել 8,8 մլրդ դրամ, իսկ մինչ պատերազմը այս թիվը մոտենում էր 19 մլրդ-ի։

  • Կիսվել: