«Փարիզ-Ստեփանակերտ-Երևան» փառատոնի ֆրանսիացի նախաձեռնողները հիացած են արցախցիների հաստատակամությամբ
Հոկտեմբերի 6-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում Սիլվեն Տեսոնի«Ձյան հովազը» ֆիլմի ցուցադրությամբ Արցախում եզրափակվել է «Փարիզ- Ստեփանակերտ -Երևան» փառատոնը, որ մեկնարկել էր հոկտեմբերի 4-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ մինչ ֆիլմի ցուցադրությունը, հեռավար ձևաչափով ներկաներին փառատոնի նախաձեռնողների և անձամբ իր կողմից ուղերձով է դիմել ֆրանսիացի հայտնի գրող, հրապարակախոս Սիվեն Տեսոն, ով նաև «Ձյան հովազը» ֆիլմի դերակատարներից է:

Այնուհետև կայացել ֆիլմի ցուցադրությունը: Այս տարի արժանացել է Սեզար մրցանակի լավագույն փաստավավերագրական ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Տիբեթական լեռներում, ուր լուսանկարիչ Վենսան Մյունիեն և գրող Սիլվեն Տեսոնը բարձրացել են հովազ որոնելու: Այդ ընթացքում նրանց փնտրտուքը վերածվում է բնության ու մարդու ներդաշնակության, սպասոումի ու համբերատարության փիլիսոփայության և վայրի բնության գեղեցկության շուրջ մտորումների ու երկխոսության:
Կինոդիտումից հետո, Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության մշակույթի և երիտասարդության վարչության միջոցառումների կազմակերպման և կապերի բաժնի վարիչ Արուս Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փառատոնն Արցախում հասել է իր նպատակին, հետարքրություն առաջացնելով երիտասարդ սերնդի շրջանում:
Նրա խոսքով՝ երկօրյա կինոդիտումներին մասնակցել են դպրոցական տարբեր տարիքի աշակերտներ, բուհերի ուսանողներ:
«Փառատոնն արցախցի հանդիսատեսին հնարավորություն ընձեռեց դիտել ֆիլմեր, որոնք համացանցում դեռ չկան: Մասնակցությունն ու հետաքրքրությունը ֆիլմերի նկատմամբ գերազանցել են սպասումները: Նույնիսկ տարբեր դպրոցներից առաջարկներ եղան ֆիլմերը ցուցադրել իրենց կրթօջախում, հաշվի առնելով, որպեսզի բոլոր աշակերտները հնարավորություն ունենան դիտելու: Թույլտվությունն արդեն ստացել ենք և կսկսենք այս ֆիլմերը ներկայացնել նաև կրթօջախներում»,-մանրամասնեց Ա. Գասպարյանը: