հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Որ նախարարները կպահպանեն իրենց պաշտոններն Արցախի նոր կառավարությունում

Որ նախարարները կպահպանեն իրենց պաշտոններն Արցախի նոր կառավարությունում

Արցախի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը շարունակվում է: Այսօր հայտնի դարձավ, որ որոշ նախարարներ կպահպանեն իրենց պաշտոնները նաև նոր կառավարությունում:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, նոր կառավարությունում իրենց պաշտոնները մասնավորապես կպահպանեն սոցիալական ապահովության նախարար Սամվել Ավանեսյանը և էկոնոմիկայի նախարար Լևոն Գրիգորյանը: Հայտնի դարձավ նաև, որ «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Սարգսյանը այսուհետ կղեկավարի Փրկարար ծառայությունը: Ժամանակին նա արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը:

InfoPort.am-ը կշարունակի տեղեկացնել Արցախի կառավարական փոխատեղումների մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ InfoPort.am-ը հայտնել էր, որ պետնախարարի պաշտոնի համար արդեն կա որոշում: Այդ պաշտոնը, ըստ մեր աղբյուրի, կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության ներկայիս տնօրեն Սամվել Շահրամանյանը: Իսկ ահա պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կվերադառնա իր հարազատ ` ֆինանսների նախարարի պաշտոնին: Ըստ մեր արցախյան աղբյուրի Մարտիրոսյանը արդեն իր համաձայնությունը տվել է նման փոխատեղմանը: Բացի կադրային փոխատեղումներից Արցախի կառավարությունում կլինեն նաև կառուցվածքային փոփոխություններ:

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, կստեղծվի Տարածքային կառավարման նախարարություն, որը կղեկավարի ներկայիս գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը: Իսկ գյուղատնտեսության նախարարի հավանական թեկնածուն, ըստ աղբյուրի, կլինի Գյուղի եւ գյուղատնտեսության հիմնադրամի նախկին ղեկավար Աշոտ Բախշիյանը: Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակվի «Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքի երկրորդ համար Կարեն Դանիելյանը:

Կրթության նախարարի պաշտոնը կզբաղեցնի նույն դաշինքի 14 համար Լուսինե Ղարախանյանը, իսկ «Ազատ Հայրենիքից» ներկայումս պատգամավոր Արամ Սարգսյանը կնշանակվի քաղաքաշինության նախարար: ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի ներկայումս «Հայրենիք» Ֆրակցիայի նախագահ Արթուր Թովմասյանը, խմբակցության ղեկավար կլինի ներկայիս ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, իսկ քարտուղար՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր էլեոնորա Ավանեսյանը:

Նշենք, որ արդեն կան նաև առաջին հրաժարական ներկայացնողները: Դրանց թվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

  • Կիսվել: